Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ամբողջականությունը, ինչն անթույլատրելի է, այսօր Բրյուսելում, Եվրախորհրդարանի լիագումար նիստին ելույթ ունենալով, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

«Մենք չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը, իսկ այնտեղ անցկացված հանրաքվեն համարում ենք անօրինական, որը, մեր համոզմամբ, հանգեցրել է բռնակցման»,- ասել է Էշթոնը Եվրախորհրդարանում իր վերջին հաշվետու ելույթում, որի մի զգալի հատված նվիրված է եղել հենց ուկրաինական ճգնաժամին։

Էշթոնը կոչ է արել օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները իրավիճակի կայունացման համար և քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի տնտեսական աջակցության հարցում։

«Առաջին հերթին մենք պետք է աջակցենք Ուկրաինային, որպեսզի այն կարողանա դառնալ ժողովրդավար և կենսունակ տնտեսությամբ պետություն։ Ուկրաինան պետք է կարողանա արձագանքել իր ժողովրդի ձգտումներին»,- նշել է Էշթոնը։

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է Ուկրաինային խոստացած հավելյալ օգնության մասին՝ հույս հայտնելով, որ ֆինանսական օգնության մի մասը՝ 1.6 միլիարդ եվրոն կհատկացվի մինչև մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները։

Ուկրաինական ճգնաժամի շուրջ այսօր բավական ուշագրավ հայտարարություններ է արել Էշթոնի ռուսաստանցի գործընկերը։ Սերգեյ Լավրովը Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կոչ է արել չուռճացնել ռուս ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը։

Լավրովի խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում չի խոստացել հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմանից, խոսքը եղել է մեկ գումարտակի՝ իր մշտական տեղակայման վայր վերադարձի մասին։ Ռուս պաշտոնյան նաև ասել է, որ հանձնարարությունները կատարելուց հետո «այլ ստորաբաժանումները նույնպես կվերադառնան իրենց տեղակայման մշտական վայրեր»։

Լավրովի կարծիքով՝ Ռուսաստանի տարածքում ռուսական զորքերի այդ տեղաշարժերը չեն հակասում որևէ նորմի և որ տվյալ հարցում չկա որևէ սահմանափակում:

ՆԱՏՕ-ն մինչդեռ չի թաքցնում իր մտահոգությունն Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զինուժի կուտակումների վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին այնքան զորք է կուտակել, որքան անհրաժեշտ է առավելագույնը հինգ օրում Ուկրաինայում իր նպատակներին հասնելու համար: Գեներալը շեշտել էր` սահմանին իրավիճակը աննախադեպ մտահոգիչ է: Այդ հարցազրույցին հետևել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունը, որում դատապարտելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ՝ հայտնում են Ռուսաստանի հետ բոլոր տեսակի համագործակցությունը կասեցնելու մասին։

Դաշինքի գործողությունների վերաբերյալ էլ պաշտոնական Մոսկվան է հերթին մտահոգություն հայտնել՝ պահանջելով ՆԱՏՕ-ից պատասխանել այն հարցին, թե համապատասխանո՞ւմ են արդյոք Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացումը առկա պայմանագրերին:

«ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում գործում են որոշակի կանոններ, մասնավորապես, Հռոմի հռչակագիրը, համաձայն որի արևելաեվրոպական պետությունների տարածքում չպետք է լինի մշտական ներկայություն։ Սպասում ենք պատասխանի, որը հիմնված կլինի համաձայնեցված կանոնների հարգման վրա»,- ասել է Լավրովը։
XS
SM
MD
LG