Մատչելիության հղումներ

logo-print

Կիևում ձերբակալվել է «Բերկուտ» հատուկ ջոկատի 12 զինծառայող


Ուկրաինա - Սպանված ցուցարարների դիակները Մայդանում, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա - Սպանված ցուցարարների դիակները Մայդանում, Կիև, 20-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի դատախազության փոխանցմամբ՝ ձերբակալվածները հայտնել են, որ ցուցարարների վրա կրակելու հրամանը արձակել է անձամբ Յանուկովիչը:

Փետրվարի 20-ին Կիևի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած՝ մոտ 100 մարդու կյանք խլած բախումների առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությունը առաջին առարկայական արդյունքներն է տալիս: Չորեքշաբթի երեկոյան ուկրաինական 5-րդ հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարեցին երկրի գլխավոր դատախազության ղեկավարները:

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին նշում էր, որ բոլոր ձերբակալվածները մի քանի շաբաթ առաջ լուծարված «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակիցներ են:

«Նրանք «Բերկուտ»-ի հատուկ նշանակության վաշտի՝ այսպես կոչված «Սև վաշտի» ծառայողներ են: Այս ստորաբաժանումը նախատեսված էր հատուկ գործողությունների իրականացման համար: Այս վաշտին [փետրվարյան իրադարձությունների ընթացքում] զենք է բաժանվել, այդ թվում՝ դիպուկահար զենք», - ասել է ուկրաինական դատախազության ղեկավարը:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում դատախազության մամուլի ծառայության ղեկավար Վասիլ Զորյան նշել է, որ ձերբակալված ոստիկանների ընդհանուր թիվը 12-ն է: Դատախազությունից նաև տեղեկացրել են, որ քննչական խումբն իրականացրել է ոստիկանների առաջին հարցաքննությունները, որոնց ընթացքում նրանք նշել են, որ ցուցարարների վրա կրակելու հրամանը արձակել է անձամբ Վիկտոր Յանուկովիչը` համապատասխան ստորաբաժանումներին իր այդ որոշումը հասցնելով անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի պաշտոնյաների միջոցով:

Գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Բագանեցի խոսքով՝ փետրվարի 20-ին «Բերկուտ»-ի հիմնական ուժերը անզեն են եղել, զինված է եղել միայն «Սև վաշտը»:

«Նրանց նպատակն էր կրակել առաջացող ցուցարարների ուղղությամբ` հնարավորություն տալով «Բերկուտ»-ի հիմնական ուժերին, որոնք բացառապես հատուկ միջոցներով էին զինված, նահանջել այդ տարածքից», - նշել է դատախազության ներկայացուցիչը:

Քննության ընթացքի մասին որոշակի մանրամասներ է հաղորդել նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը: Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարությունը փորձել է ոչնչացնել այդ օրերին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև «Բերկուտ»-ի զինծառայողների համազգեստներն ու զենքերը: «Չնայած բոլոր խոչընդոտներին՝ Ինստիտուտսկայա փողոցում ցուցարարների վրա կրակ արձակած բոլոր ոստիկանների ինքնությունը պարզվել է», - հայտարարել է Ավակովը:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ քննիչները նաև պարզել են, որ միայն Ինստիտուտսկայա փողոցում փետրվարի 20-ին 17 մարդ է զոհվել:

Ներքին գործերի նախարարության ղեկավարը նաև նշել է, թե քննիչներին հաջողվել է պարզել, որ փետրվարյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության հետ միասին ընդդիմության դեմ են գործել նաև մի շարք հանցավոր խմբեր, որոնք, ըստ Ավակովի, պատասխանատու են մի շարք սպանությունների համար: Մասնավորաբար, այս խմբերն են պատասխանատու «Վեստի» պարբերականի լրագրող Վյաչեսլավ Վերեմիի փետրվարի 18-ին կատարված սպանության համար:

«Փետրվարի 18-ին Մայդանում տեղի ունեցած սպանություններին անմիջական առնչություն ունի Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Յուրի Իվանյուշենկոն: Հայտնի են նաև այն մարդկանց անունները, ովքեր Կիևի տարբեր հատվածներում ղեկավարում էին այսպես կոչված «տիտուշկաների» խմբերի գործողությունները», - նշել է Ավակովը՝ մանրամասնելով․ - «Նրանց թվում էր նաև ոմն Սարգսյան`«Արմեն Գորլովսկի» մականունով: Սարգսյանի ղեկավարած խումբը Միխայլովսկայա հրապարակի մերձակայքում բազա ուներ, դա զինված հանցագործների խումբ էր, որոնց զենք և զինամթերք էր տրամադրվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG