Մատչելիության հղումներ

logo-print

Ապաթուրայ․ Հայաստանը չի թուլացրել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ


Բելգիա -- ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, Բրյուսել, 2-ը ապրիլի, 2014թ․

Բելգիա -- ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, Բրյուսել, 2-ը ապրիլի, 2014թ․

ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցությունը խորացնելու միջոցառումների փաթեթը:

Ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել, որում ի թիվս այլ հարցերի նշել են, որ համաձայնեցրել են Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու միջոցառումների փաթեթը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսենը «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակի հարցին պատասխանելով` հստակեցրել էր, որ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ համագործակցության մասին է:

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը փորձել է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայից ճշտել, թե ի՞նչ համագործակցության խորացման մասին է խոսքը:

Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ «չի արվի մի բան, որ այդ երկրները չեն ցանկանում, սա ընդամենը առաջարկ է»: Ապաթուրայը հավելել է, որ ՆԱՏՕ-ն երեք երկրների հետ էլ գործընկերության պայմանագրեր ունի, որոնց ժամկետները ավարտվում են և կարիք կա դրանք թարմացնել:

«Ինչ ենք մենք առաջարկելու այս երեք երկրներից յուրաքանչյուրին. օրինակ առաջինը` ավելացնել բարձր մակարդակի քաղաքական շփումները, քաղաքական կոնսուլտացիաները, երկրորդը` ավելացնել աջակցությունը նրանց պաշտպանական համակարգի բարեփոխումներին», - նշել է պաշտոնյան:

Անդրադառնալով Հայաստանին, Ապաթուրայը նկատել է․ - «Հայաստանը, չնայած ընտրել է Մաքսային Միությունը ավելի եվրոպամետ ուղու փոխարեն, այնուամենայնիվ չի թուլացրել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մենք ցանկանում ենք նրանց օգնել իրենց պաշտպանական ոլորտում բարեփոխումների հարցում և նրանք էլ նույնն են ցանկանում»:

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով, Ադրբեջանը հետաքրքրված է էներգետիկայի ոլորտով, և ՆԱՏՕ-ն պատրաստ է դիտարկել էներգետիկ անվտանգության հարցերով Բաքվի հետ համագործակցությունը և տեսնել թե ինչ առաջարկներ կան:

«Մոլդովան, թերևս մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունն է, քանի որ Ռուսաստանի կողմից այդ երկիրը ճնշումների է ենթարկվում և նրանք օգնության կարիք ունեն», - հավելել է Ապաթուրայը, - «Եվրոպական միությունը դա նույնպես գիտակցել է, նրանք ցանկանում են աջակցել Մոլդովային, նրանք մեզ էլ կդիմեն աջակցության համար, և մեր աջակցությունն է լինելու` օգնել արդիականացնել և բարեփոխել նրանց պաշտպանական համակարգը, որ կարողանան ապահովել իրենց անվտանգությունը: Մենք ավելին կարող ենք անել նրանց համար` ընդունելով, սակայն, որ Մոլդովան չեզոք երկիր է, ՆԱՏՈ-ի անդամակցության ձգտումներ չունի, և մենք հարգում ենք դա»:

Ափաթուրայի խոսքով` բոլոր որոշումները ընդունվել են այդ երկրների արտահայտած ցանկությունների և հետաքրքրությունների հիման վրա: Այժմ ՆԱՏՕ-ն վերանայում է համագործակցության ծրագրերը այդ երկրների հետ և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ամեն ինչ ավելի հստակ կլինի:

Հավելենք, որ «Շպիգել օնլայն» գերմանական պարբերականն էլ, իր աղբյուրներին հղում անելով, հայտնել էր, թե Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանում. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը, Ադրբեջանում` համագործակցելու են էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտներում:

Մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի միջև փոխգործակցության զարգացման գոյություն ունեցող ծրագրերի վերաբերյալ հրապարակումները` այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «ԻՏԱՌՏԱՍՍ»-ին հայտնել է, որ Հայաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակել գործող ձևաչափերում:

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի գործող ձևաչափեր: Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը այդ ձևաչափերում», - ռուսաստանյան գործակալությանը ասել է Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG