Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը Քեսաբի խնդրով նամակ է հղել Բան Կի-մունին


Էդվարդ Նալբանդյան և Բան Կի-մուն, արխիվ

Էդվարդ Նալբանդյան և Բան Կի-մուն, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ մարտի 28-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, այսօր փոխանցում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդագրության համաձայն՝ նամակում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար»:

«Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար», - ասված է Հայաստանի արտգործնախարարի նամակում։

«Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար», - Բան Կի-մունին գրել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG