Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցիների 96 տոկոսը դրական է վերաբերվում Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկմանը


Ռուսաստանի պետական դրոշի գույներով պատկերված Ղրիմի քարտեզը Մոսկվայի շենքերից մեկի պատին, 27-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանի պետական դրոշի գույներով պատկերված Ղրիմի քարտեզը Մոսկվայի շենքերից մեկի պատին, 27-ը մարտի, 2014թ․

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքներով՝ Կրեմլի այս քայլը հավանության է արժանացել նաև արտախորհրդարանական ընդդիմության աջակիցների շարքերում:

Ռուսաստանցիների 96 տոկոսը դրական է վերաբերվում Ղրիմի` Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու փաստին: Սա են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի` ВЦИОМ-ի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են չորեքշաբթի օրը:

Հետազոտության համաձայն, ի դեպ, Կրեմլի այս քայլը հավանության է արժանացել ոչ միայն Վլադիմիր Պուտինի ավանդական ընտրազանգվածի կամ ազգայնական ու կոմունիստական ուժերի կողմնակիցների, այլև արտախորհրդարանական ընդդիմության աջակիցների շարքերում: Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների շրջանում, ըստ ռուսաստանցի սոցիոլոգների, Ղրիմի ընդգրկմանը Ռուսաստանի Դաշնության կազմում կողմ է արտահայտվել հարցվածների 71 տոկոսը:

«Իսկ ո՞րն է Ռուսաստանի օգուտը Ղրիմում տեղի ունեցած վերջին զարգացումներից», - այս հարցին ռուսաստանցիների 35 տոկոսը անկեղծորեն պատասխանել է․ - «Երկիրը հավելյալ ելք է ստացել դեպի ծով և այլևս ստիպված չի լինի Ուկրաինային վճարել Սևծովյան նավատորմի տեղակայման համար»:

Հետաքրքրական է նաև, որ ռուսաստանցիների միայն 12 տոկոսն է նշել, որ Ղրիմի գրավման գլխավոր օգուտը տեղի ռուսալեզու բնակչության պաշտպանության ապահովումն էր:

Ընդհանուր առմամբ, ըստ հարցման արդյունքների, Ռուսաստանի Դաշնության բնակիչների ճնշող մեծամասնությունը` 76 տոկոսը համոզված է, որ Ղրիմի միացումը բացառապես դրական հետևանքներ կունենա: Հակառակ մոտեցում ունի հարցվածների միայն 6 տոկոսը: Նրանց մեծ մասի` 51 տոկոսի համոզմամբ՝ Ղրիմի ընդգրկումը հավելյալ բեռ է երկրի պետական բյուջեի համար: Սակավաթիվ հոռետեսների խմբում նաև տեսակետներ են հնչում, որ այս ամենը կարող է հանգեցնել ռազմական կոնֆլիկտի:

Ի դեպ, Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր ռազմական կոնֆլիկտը լրջորեն անհանգստացնում է ռուսաստանցիների մեծ մասին: Սա էլ վկայում են մոսկովյան մեկ այլ հեղինակավոր սոցիոլոգիական ծառայության` «Լևադա» կենտրոնի հարցման շաբաթասկզբին հրապարակված արդյունքները: Դրանց համաձայն՝ ռուսաստանցիների 66 տոկոսը այս կամ այն աստիճանի մտավախություն ունի, որ երկու երկրների միջև կարող են ռազմական գործողություններ սկսվել: Չնայած դրան, իրադարձությունների զարգացման նման սցենարին լրջորեն հավատում է Ռուսաստանի բնակիչների միայն 23 տոկոսը:

«Իսկ եթե պատերազմն այնուամենայնիվ տեղի ունենա, դուք պատրա՞ստ եք աջակցել Ռուսաստանի կառավարությանը», - «Լևադա» կենտրոնի սոցիոլոգների այս հարցին միանշանակորեն կամ որոշակի վերապահումներով դրական է պատասխանել հարցվածների 74 տոկոսը: Ռուսաստանցիների միայն 13 տոկոսն է նշել, թե զինված հակամարտության դեպքում չի պատրաստվում աջակցել Վլադիմիր Պուտինի կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG