Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունը շարունակում է քվեների վերահաշվարկ պահանջել


Թուրքիայում նոր տեղեկություններ են ի հայտ գալիս մարտի 30-ին կայացած ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասին: Հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաք Անկարայի վրա, որտեղ ընդդիմությունը շարունակում է քվեների վերահաշվարկ պահանջել:

Երեքշաբթի երեկոյան հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից Անկարայի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Մանսուր Յավաշը` պնդելով, որ իրականում իր օգտին տրված հազարավոր քվեները պարզապես գողացվել են:

«Չանկայա և Յենիմահալե շրջաններում, որտեղ մեր կուսակցությունը որպես կանոն լուրջ քվեներ էր ստանում նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ տեղամասեր են առկա, որտեղ Ժողովրդա-հանրապետականը ոչ մի քվե չի ստացել: Մեր ավելի քան 500 կամավորները երեկ ողջ օրվա ընթացքում ստուգում էին բոլոր տեղամասերի տվյալները և այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մեր օգտին տրված 10 հազար քվեները չեն հաշվարկվել», - հայտարարում էր ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը:

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ երկրի խոշորագույն քաղաքներից ևս մեկում` Անթալիայում, քվեների հաշվարկի ընթացքին ակտիվորեն միջամտել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը` Եվրամիության հետ կապերի գծով նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Hurriyet-ն այսօրվա իր համարում տպագրել է բջջային հեռախոսով արված մի լուսանկար, որում հստակ երևում է, թե ինչպես է Չավուշօղլուն մասնակցում քվեների հաշվարկի գործընթացին ընտրական հանձնաժողովի անդամների հետ միասին:

Այս պահին Թուրքիայի միակ քիչ թե շատ խոշոր բնակավայրը, որտեղ ընդդիմությանը կարողացել է դատական կարգով վերանայել ընտրությունների պաշտոնական արդյունքները, Մարմարա ծովի ափին գտնվող Յալովան քաղաքն է: Ընդդիմության կողմնակիցների ճնշման տակ տեղի ընտրական հանձնաժողովը ստիպված էր քվեների ամբողջական վերահաշվարկ իրականացնել, ինչի արդյունքում ընդդիմության թեկնածուն հաղթեց ընդամենը 6 ձայնի առավելությամբ:

Ի դեպ, քվեների հաշվարկի ընթացքում Թուրքիայի շուրջ 20 շրջաններում գտնվող մի քանի հարյուր տեղամասեր հոսանքազրկվել էին։ Էներգետիկաի նախարար Թաներ Յըլդըզը նույնիսկ հայտարարեց, թե համատարած այս հոսանքազրկման մեղավորը էլեկտրական ենթակայան մուտք գործած փողոցային կատուն էր:

Թուրքական Birgün պարբերականի պնդմամբ, սակայն, իրականությունը շատ ավելի պարզ է` հոսանքազրկումներն իրականացրել է Էրդողանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկին` գործարար Մեհմետ Ջենգիզին պատկանող BEDAŞ բաշխիչ ցանցը:

«Ջենգիզն, ի դեպ, երկրում դեկտեմբեր ամսից ծավալված հակակոռուպցիոն հետաքննության գլխավոր կասկածյալներից մեկն է»,- հիշեցնում է պարբերականը:
XS
SM
MD
LG