Մատչելիության հղումներ

Զեկույց. Հարկայինի ու մաքսայինի պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով


Հայաստանում հարկային ու մաքսային ոլորտի պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. այսպիսի պնդում է առկա Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում:

Կարեն Անդրեասյանը, մասնավորապես նշում է.- «Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ»:

«Հայաստանում բոլորը գիտեն, որ ՊԵԿ-ի պաշտոնյաները բիզնես ունեն»,- այսօր «Ազատությանը» փոխանցեց տնտեսագետ Բաբկեն Թունյանը.- «Բայց դա միայն ՊԵԿ-ին ու Մաքսայինին չի վերաբերում. պետական համակարգում դժվար է գտնել միջին օղակից բարձր որևէ պաշտոնյա, որը սեփական բիզնես չունի։ Այսինքն խնդիրը համակարգային է, և դա բնականաբար շատ վատ է ազդում ընդհանուր բիզնես մթնոլորտի վրա, որովհետև բիզնեսի ու քաղաքականության, կամ բիզնեսի և պետական համակարգի սերտաճումը չի կարող ապահովել առողջ մրցակցության հիմքեր»։

2011-ի նոյեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում, նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ «գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից անցել է ավելի քան երկու տարի, և այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը պնդում է՝ մեր երկրում հարկային ու մաքսային մարմինների պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով:

Հայաստանի նախագահի նստավայրում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, հիշեցնենք, անցած տարի ապրիլին վարույթ հարուցեց ՊԵԿ-ի նախագահի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ՝ պարզելու արդյո՞ք շահերի բախում կա Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների և նրա պաշտոնավարման միջև:

Մոտ մեկ ամիս տևած քննությունից հետո Էթիկայի հանձնաժողովը հայտարարեց, որ «Ապեյրոն» եւ «Մեգամոթորս» ընկերությունները պատկանում են ՊԵԿ-ի նախագահի զավակներին, սակայն միաժամանակ նշվեց, որ Գագիկ Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ չի գտնվել «շահերի բախման իրավիճակում»: Այսինքն՝ ՊԵԿ-ի նախագահը չի օգտագործել իր պաշտոնական դիրքը՝ աջակցելու իր զավակներին պատկանող բիզնեսներին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացրած դիմումի հիման վրա էր Էթիկայի հանձնաժողովը վարույթ սկսել։ Այսօր կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի իշխանությունների ջանքերը պետական համակարգից գործարարությունը հետևողականորեն տարանջատելու առումով:

«Չկա ինստիտուցիոնալ մոտեցում այդ խնդրին, չկա իրավական մոտեցում։ Եթե նույնիսկ եղել են այդպիսի դեպքեր, հավանական է, որ դրանք եղել են զուտ անձնական խնդիրներ, անհամաձայնություններ լուծելու համար»,- ասաց Այվազյանը։

Ըստ օմբուդսմենի զեկույցի՝ «ՊԵԿ-ը չի ներկայացրել որևէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրանքերի և մեքենաների մաքսային արժեքները և դրանց որոշման կանոնները: Արդյունքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու իրենց գնած ապրանքների կամ մեքենաների մաքսազերծման գումարի չափը և դրա որոշման կարգը»:

Ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանը, ով ՊԵԿ-ի հետ դատական վեճի մեջ է՝ Ճապոնիայից ներկրած մեքենայի մաքսազերծման հարցով (Գրիգորյանը վստահ է, որ ՊԵԿ-ը անհիմն բարձր գնով է մաքսազերծել իր ավտոմեքենան), այսօր կարծիք հայտնեց, թե օմբուդսմենի զեկույցի այդ մասը արտացոլում է իրականությունը:

«ՊԵԿ-ը ոչ հստակ է պահպանում օրենքի ընթացակարգերը, շատ կամային մոտեցում ցուցաբերելով հսկիչ գների մեթոդն է կիրառում, որը շատ կամային է և ոչ մի տեղ չի երևում այս տեղեկատվությունը և հսկիչ գների գոյացման ոչ մի մեխանիզմ գոյություն չունի։ Մենք փորձել ենք տեղեկատվություն ստանալ այս առումով, սակայն մերժել են մեզ»,- ասաց Գրիգորյանը։

Հավելենք, որ այսօր ՊԵԿ-ը այդպես էլ չարձագանքեց օմբուդսմենի զեկույցին:
XS
SM
MD
LG