Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, խորհրդարանի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խոստովանեց՝ «մենք սխալվել ենք»:

«Ընդունում ենք, որ Սահմանադրական դատարանը ճիշտ է, մենք սխալվել ենք», - հայտարարեց Հակոբ Հակոբյանը, երբ դուրս եկավ Սահմանադրական դատարանից:

Հանրապետական պատգամավորին, ով դատարանում հանդես էր գալիս որպես պատասխանող կողմ, ՍԴ-ի դիմաց դիմավորեցին «Դեմ եմ» շարժման անդամները՝ «ամոթ, ամոթ» վանկարկումներով:

«Այ՝ «ամոթը» չեմ հասկանում», - վանկարկումներին արձագանքեց Հակոբյանը, - «Այսինքն ստացվում է, որ մենք ինչի՞ համար ենք պայքարում: Եթե մեր իրավական դաշտը նայեք, շատ բաներ կտեսնեք, որ թերի է: Դրա պատճառը ոչ թե ես եմ, մեծամասնությունը կամ փոքրամասնությունը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ՍԴ-ի որոշումը նշանակում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի համահեղինակ հանդիսացող Կառավարությունը պետք է հրաժարական տա, Հանրապետական պատգամավորն արձագանքեց․ - «[Քաղաքական] Մեծամասնությունը կանի իր եզրակացությունը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով դատարան դիմած պատգամավորներից է, Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո հայտարարեց․ - «Ես կարծում եմ՝ քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում հենց այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի հրաժարական տա»:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ պնդեց, թե այսօրվա որոշումը չորս քաղաքական ուժերի՝ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքն է:

«Վերապահումներով է պետք ընդունել, որովհետև, փաստորեն, տեղ են թողել նրա համար, որ բոլոր այս դրույթները գործեն և ընթացքում բերվեն համապատասխանության Սահմանադրությանը: Դա նշանակում է, որ պայքարը շարունակվումը: Եվ այս որոշումը, քանի որ նույնպես վերաբերում է շատ զգայուն քաղաքական պրոցեսներին, միանշանակ վստահ եղեք, որ ընդունված է այնպես, ինչպես թելադրել է նախագահական համակարգը: Ինչ դրական արդյունք էլ որ կա այս որոշման մեջ, դրանք բոլորը կարող եք համարել ապրիլի 28-ին նշանակված շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքը», - մեկնաբանեց Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօրվա որոշումը ժողովրդի հաղթանակն է համարում:

«Ժողովուրդը, քաղաքացին, դուրս եկավ իր իրավունքի համար պայքարի, և Սահմանադրական դատարանը չէր կարող հաշվի չնստել այս պարզ իրականության հետ», - նշեց նա:

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հրապարակած որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչին վերաբերող դրույթները:

Վիճահարույց օրենքի հարցով անցած տարեվերջին Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները:
XS
SM
MD
LG