Մատչելիության հղումներ

Քեսաբի քաղաքապետը հերքում է զոհերի մասին տեղեկությունները


Ընդհանուր տեսարան Քեսաբից

Ընդհանուր տեսարան Քեսաբից

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը, ով այժմ մյուս քեսաբահայերի նման Լաթաքիայի եկեղեցում է ապաստանել, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե Քեսաբում զանգվածաբար հայերի են կոտորում, ինչի մասին տեսանյութեր և նկարներ են հայտնվել համացանցում։

«Այդպիսի բան չկա, զոհ չունենք»,- փոխանցեց Չափարյանը։

Համացանցում նաև տեղեկատվություն է տարածվել Քեսաբից անհետ կորած 40 քեսաբահայերի մասին։ Քաղաքապետը չհաստատեց նաև այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ Քեսաբում են մնացել 38 տարեցներ, սակայն նրանք էլ հիմա խումբ-խումբ տեղափոխվում են Լաթաքիա։

«20 հոգին վերադարձել են, 18-ն էլ կամաց-կամաց կվերադառնան»,- ասաց քաղաքապետը։

Վազգան Չափարյանը նաև պատմեց, թե ինչպես են որոշել միանգամից լքել Քեսաբը։ Քաղաքապետի խոսքով՝ երբ սկսել են Քեսաբի մերձակայքը հրթիռակոծել իրենք «լուր են տվել ժողովրդին, թե փախեք»։

Հիմա Լաթաքիայում ապաստանած շուրջ 700 քեսաբահայ ընտանիք սպասում է։ Չափարյանը տեղեկացրեց, որ սիրիական բանակի զորքերն արդեն Քեսաբի մոտակայքում են։

Չափարյանը նաև տեղեկացրեց, որ Քեսաբում տները թալանվել են, և որ թալանը մեքենաներով տեղափոխվում է Թուրքիա։

Արդյոք Թուրքիայի կառավարության մատը խա՞ռն է Քեսաբում տեղի ունեցածի մեջ. Վազգեն Չափարյանն ասաց՝ այո։

«Գոց էր սահմանը, դուռը բացին։ Ինչո՞ւ կբանան գոց սահմանը...», - հարցրեց քաղաքապետը։
XS
SM
MD
LG