Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Քեսաբի դեպքերը «դարձրել է շահարկման գործիք»


Բողոքի ակցիա Երևանում՝ ի պաշտպանություն քեսաբահայերի, 26-ը մարտի, 2014
Բողոքի ակցիա Երևանում՝ ի պաշտպանություն քեսաբահայերի, 26-ը մարտի, 2014
Հայաստանի արտգործնախարարությունը չի արձագանքում Քեսաբի վերաբերյալ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հայտարարությանը, որտեղ վերջինս կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկել Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակն ու խոսել նաև զինյալների կողմից քեսաբահայերի գնդակահարության մասին։

Ռուսաստանի այս հայտարարություններին զուգահեռ համացանցում ակտիվորեն արյունալի լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվում, որոնք, ըստ քեսաբահայերի, իրականության հետ կապ չունեն։

Հիշեցնենք՝ մարտի 21-ի վաղ առավոտյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների ու թուրքական կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսապի շրջանը, ինչի հետևանքով շուրջ 800 հայ ընտանիք լքել է այն՝ տեղափոխվելով Լաթաքիա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս ամենի ետևում տեսնում է Ռուսաստանին, որը տեղեկատվական այս պատերազմում Հայաստանը դարձրել է գործիք՝ Սիրիայում իր աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար։ Թուրքերը կարող են օգտագործել սա մեր դեմ՝ ասելով, որ հայերը կեղծ ցեղասպանություններ են հնարում, կարծիք է հայտնում փորձագետը։

«Հետագայում մենք շատ լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ, որովհետև արդեն մենք դարձել են շահարկման գործիք՝ Ռուսաստան-Արևմուտք Ուկրաինայի շուրջ պայքարում սա դարձել է ևս մեկ գործոն՝ «այ դուք, Արևմուտքի կողմից ֆինանսավորվող զինյալներ եք և սպանում եք հայերի, էս չի ձեր Արևմուտքը» և այլն։ Սա շրջանառության մեջ է դրել ռուսաստանյան քարոզչամեքենան»,- ասաց փորձագետը։

Թե Մարտիրոսյանը, թե արմատներով Սիրիայից սերող գրող Սագօ Արեանը այս դեպքում անհանգստանում են՝ նշելով, որ մինչև հիմա չեզոք դիրքորոշմամբ հանդես եկող Հայաստանին դրդում են ներգրավվել սիրիական ճգնաժամում՝ վտանգի տակ դնելով տեղում ապրող հազարավոր հայերին։

Սագօ Արեանը նշում է, որ Քեսաբի իրադարձությունները արդեն տեղափոխվել են տեղեկատվական պատերազմի դաշտ՝ ի հեճուկս հայ ժողովրդի շահերի։ Արեանը խոսում է թուրք-սիրիական սահմանը բացելու վերաբերյալ Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին, նշում, որ նա սահմանը բացել է ոչ թե հայերին տեղահան անելու, այլ Ասադին թուլացնելու նպատակով։ Լաթաքիան Ասադի հայրենիքն է , ասում է Արեանը։

«Ռուսական որոշումը Հայաստանին նշան տվեց, որ պետք է գնաք անպայման էս խնդրին խառնվեք՝ ի պաշտպանություն ռուսական շահերի»,- նշեց Արեանը։

Գրողն անդրադառնում է հայ պատգամավորների՝ Սիրիա կատարած այցելությանը, այն համարելով շոու։ Նրանք այսպիսով սիրաշահեցին Ռուսաստանին, մինչդեռ Ասադի հետ հանդիպմանը գոնե կարող էին հայտարարել, որ այս պատերազմի կողմ չեն հանդիսանում։ Ինչո՞ւ նրանք հիմա գնացին Սիրիա, երբ երեք տարի է պատերազմը շարունակվում է, հարցնում է Արեանը։

«Գործնական ի՞նչ արեցին Քեսաբի համար։ Հայաստանը պետք է արագ սրբագրի այս կեցվածքը ու նաև Սփյուռքին հորդորի, որ այս պատերազմում մենք կողմ չենք, սա մեր պատերազմը չէ։ Վաղը կարող են ասել՝ ուրեմն նույնիսկ Ցեղասպանություն չի եղել, եթե այսպիսի հարցը խոշորացույցով և փաստերի կեղծմամբ եք ներկայացնում, ապա ի՞նչ ցեղասպանություն, ինչ Սումգայիթ, ինչ Բաքու...»,- ասում է նա։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, Հայաստանի համար որևէ անհանգստություն չունի։ Նա ևս նշում է, որ այս դեպքում Ռուսաստանը իր շահերի համար է նման ակտիվացում ցուցաբերում՝ ի պաշտպանություն քեսաբահայերի։

«Եթե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանը չքվեարկեր Ռուսաստանի օգտին, Ռուսաստանը այսքան ակտիվ չէր լինի»,- ասաց Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ սա Ռուսաստանի շնորհակալությունն է։
XS
SM
MD
LG