Մատչելիության հղումներ

logo-print
Տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանել է Ծավ և Շվանիձոր գյուղերի 34 ընտանիքների՝ ասֆալտի տակ մնացած սեփականության վերաբերյալ «Ազատության» հարցերին:

Մեղրի-Կապան ճանապարհի կառուցումից 7 տարի անց սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքները հատուցում չեն ստացել իրենց սեփական հողակտորների դիմաց:

Տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության վարչության պետ Քաբաբյանի պատրաստած գրության մեջ նշված է․- «Նկատի ունենալով, որ նշված հողամասերի իրացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից, Ձեր դիմումում բարձրացված հարցերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրավասության շրջանակներից դուրս են»:

Գրության մեջ նաև նշված է, թե Սյունիքի մարզպետարանին 2007 թվականին հատկացվել է 43 միլիոն դրամ՝ ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, շինությունների, հողամասերի իրացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

Միչնդեռ, Սյունիքի մարզպետարանում ամիսներ առաջ «Ազատությանը» տեղեկացրել էին, որ վերոհիշյալ 43 միլիոն դրամ հատկացվել էր նախքան ճանապարհի նախագծի փոփոխությունը՝ որը տեղի էր ունեցել բնապահպանների բողոքի արդյունքում՝ Շիկահողի արգելոցը ճանապարհաշինարարությունից հնարավորինս զերծ պահելու համար: Սահմանամերձ Ծավ, Շվանիձոր գյուղերի բնակիչները տուժել են, քանի որ կառավարությունը հետամուտ չի եղել բոլոր սեփականատերերի հողատարածքների դիմաց փոխհատուցելու հարցում, հատուցել էր միայն ճանապարհի եզրին սեփականություն ունեցող անձանց մի մասին: Ճանապարհի պատվիրատուն տրանսպորտի և կապի նախարարությունն է, այդ իսկ պատճառով էլ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն «Ազատությանն» ասել էր, որ գյուղացիների հողատարածքների փոխհատուցման հարցերով դիմել է Կառավարություն:

Պետական կառավարման խնդիր



Պետական կառավարման գծով գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանը սահմանամերձ գյուղերի չլուծվող խնդիրը պետական կառավարման որակի ցուցիչն է համարում:

«Բնակչությունից դեպի պետություն հետադարձ կապը չի աշխատում, շունը տիրոջը չի ճանաչում: Սա ունիկալ երևույթ է, երբ դուք կարող եք տարիներով հետևել, որ գրեթե ոչ մի հարց ի վիճակի չէ պետական կառավարման մարմինը օպերատիվ լուծել», - ասում է Մեսրոպյանը, - «Լուծվում է միայն այն դեպքում, երբ, նույնպես ժողովրդի լեզվով ասած՝ դանակը ոսկորին է հասնում»:

Մինչդեռ, ըստ մասնագետի, կոնկրետ այս դեպքումը խոսքը ռազմավարական խնդրի՝ սահմանամերձ բնակավայրերում սուղ պայմաններում ապրող մարդկանց տարիներ շարունակ չլուծվող հարցի մասին է, ինչը հավելյալ հիմք է տալիս պնդելու, որ պետական կառավարման լուրջ խնդիրներ կան:
XS
SM
MD
LG