Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունը վերլուծում է կիրակնօրյա ընտրություններում կրած պարտության պատճառները` միաժամանակ մատնանշելով քվեարկության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումները:

Մի քանի ժամ առաջ երկրի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ կրկին հավաքվեցին Կենտրոնական ընտրական խորհրդի շենքի` առջև պահանջելով վերահաշվարկել Անկարայի քաղաքապետի ընտրության արդյունքները:

Անկարայում քվեների 98 տոկոսի հաշվարկից հետո նվազագույն առավելությամբ հաղթում է իշխող կուսակցությունը ներկայացնող գործող քաղաքապետ Մելիհ Գյոքչեկը: Ընդդիմադիր «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ քաղաքի առնվազն երկու շրջաններում` Յենիմահալեյում և Չանկայայում քվեների հաշվարկի ընթացքում լուրջ խախտումներ են արձանագրվել:

Ընտրություններից հետո հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել Յենիմահալե շրջանում, որտեղ ավանդաբար ուժեղ են հենց «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցության դիրքերը: Ընդդիմադիրները պնդում են, որ մի շարք տեղամասերում իշխող կուսակցության ներկայացուցիչները կոպտորեն միջամտել են քվեների հաշվարկի գործընթացին, մի շարք տեղամասեր հոսանքազրկվել են, իսկ ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշի օգտին տրված հարյուրավոր քվեաթերթիկներ հաշվարկի ընթացքում պարզապես անհետացել են:

Խախտումների մասին ստացվող տեղեկությունների ֆոնին կրքերն Անկարայում գնալով թեժացան` ի վերջո հանգեցնելով ոստիկանության բախումների: Արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ Անկարայի ոստիկանությանը հաջողվեց հեռացնել ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներին Կենտրոնական ընտրական խորհրդի շենքի մերձակայքից: Ցուցարարները, սակայն, շարունակեցին քվեների վերահաշվարկ պահանջել՝ տեղափոխվելով հարակից փողոցներ:

Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում, ևս վերահաշվարկի կոչեր են հնչում: Այստեղ իրավիճակը նույնքան լարված է, որքան Անկարայում, սակայն առայժմ բախումների չի հանգեցրել: «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուստաֆա Սարիգյուլը, ով կիրակնօրյա ընտրություններում ստանալով քվեների շուրջ 40 տոկոսը, պարտվեց Էրդողանի զինակից Քադիր Թոփբաշին` այսօր ևս հանդես եկավ վերահաշվարկի կոչով:

«Եթե իշխող կուսակցությունն այդքան վստահ է սեփական ուժերի վրա, եթե ճիշտ են «Արդարություն և Զարգացում» կուսակցության ներկայացուցիչների պնդումները, թե հաշվարկի ընթացքում հավելագրումներ չեն իրականացվում, ապա ես կոչ եմ անում քվեները նորից հաշվարկել», - հայտարարում էր Սարիգյուլը:

Սարիգյուլի կուսակցական ղեկավարի` Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքով` բողոքարկումներն ու վերահաշվարկը միայն Ստամբուլին և Անկարային չէ, որ կառնչվեն:

«Անկարայում չէ միայն, որ մենք լուրջ առարկություններ ունենք կապված քվեարկության պաշտոնական արդյունքների հետ: Իրավաբանների մեր խումբը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ: Բողոքարկումներ կլինեն նաև մի շարք շրջաններում», - հայտարարեց «Ժողովրդա-Հանրպետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ըստ ամենայնի, բողոքարկման պահանջ կհնչի նաև երկրի հարավում գտնվող Օսմանիյե քաղաքում: Այստեղ գտնվող աղբանոցներից մեկում այսօր առավոտյան տեղացիները ընդդիմադիր «Ժողովրդա-Հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների օգտին արված նշումներով մի քանի հարյուր օգտագործված քվեաթերթիկ են հայտնաբերել: Օսմանիեի բնակիչները պնդում են, որ քվեների հաշվարկից հետո աղբանոցում հայտնված քվեաթերթիկները պետք է հետագայում այրվեին, սակայն ինչ-ինչ պատճառներով իշխող կուսակցության ակտիվիստները հապաղել են դա անել: Նշենք, որ այստեղ Էրդողանի կողմնակիցները հաղթել էին ընդամենը 440 ձայնի տարբերությամբ:
XS
SM
MD
LG