Մատչելիության հղումներ

Կասպարովը Արևմուտքին խորհուրդ է տալիս Պուտինի հետ ուժի լեզվով խոսել


Գարի Կասպարով

Գարի Կասպարով

Այնպիսի տպավորություն է, որ Ղրիմի հարց որպես այդպիսին այլևս չի դիտարկվում, և Օբաման թույլ է տալիս Պուտինին շեղել բանակցությունների թեման՝ անցնելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կներխուժի այլ ուկրաինական տարածքներ, այս մասին Time պարբերականում հրապարակված իր հոդվածում գրում է Մարդու իրավունքների հիմնադրամի անդամ Գարի Կասպարովը։

Մեկ ամիս առաջ մի խումբ արևմտյան փորձագետներ Պուտինին խորհուրդ են տվել Ղրիմից «նահանջել առանց դեմքը կորցնելու»։ Հոդվածագիրը պնդում է՝ «Պուտինն ընդհանրապես հետաքրքրված չէր նահանջելու գաղափարով, իսկ այժմ էլ հենց ինքն է կիրառում այդ մարտավարությունը Օբամայի և Արևմուտքի դեմ՝ առաջարկելով նրանց «նահանջել առանց դեմքը կորցնելու»»։

Միացյալ Նահանգներն ու Եվրոպան հաջողություն կգրանցեն այն դեպքում, եթե Պուտինը չշարունակի ներխուժումը, կարծում է ռուսական ընդդիմության նախկին ներկայացուցիչը, ով անցյալ տարի հայտարարեց Ռուսաստանից հեռանալու մասին։

«Բանակցությունները, որոնցում գրավի տեսքով առաջարկվում է այլ պետության տարածք, հին ավանդույթ է։ Ամենավառ օրինակը, երբ Հիտլերը 1938 թվականին վեհանձնաբար առաջարկում էր չգրավել ամբողջ Չեխոսլովակիան՝ պայմանով, որ դրա դիմաց կստանա Սուդետսկիի շրջաններն առանց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բողոքների»,- գրում է Կասպարովը։

Կասպարովը Ռուսաստանի գործող քաղաքական վարչակազմի ընդդիմադիրներից է և պարբերաբար հանդես է գալիս մասնավորաբար Պուտինի հասցեին կոշտ քննադատությամբ։ Նրա քաղաքական գործունեությունը Ռուսաստանում այդպես էլ չլուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից, ինչն էլ դարձավ առիթներից մեկը, որպեսզի Կասպարովը լքի Ռուսաստանը՝ հայտարարելով, որ պուտինյան վարչակազմի դեմ իր պայքարը կշարունակի միջազգային հարթակներում։

Հեղինակավոր պարբերականում տեղ գտած հոդվածում Կասպարովը համոզմունք է հայտնում, թե Պուտինի դեմ ճնշումները պետք է շարունակել, հակառակ դեպքում, ինչպես 1938 թվականին Չեխոսլովակիայում, ուկրաինական կառավարությունը կստանձնի տեղային անեստեզիայով հիվանդի դերը, ով անօգնական հետևում է, թե ինչպես են վիրաբույժները մասնատում օրգանները։

Կասպարովը վստահ է՝ Պուտինը միշտ գրավելու է այն ամենը, ինչը կարող է ձեռք բերել առանց դիմադրության և չի դադարելու ապակայունացնել քաղաքական և տնտեսական իրավիճակն Ուկրաինայում։ Ըստ Կասպարով, Պուտինի այս ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի, եթե Արևմուտքն օգնության չհասնի Ուկրաինային։

Հեղինակը խորհուրդ է տալիս զգուշացնել Պուտինին՝ փորձիր կրկին անցնել ուկրաինական սահմանը, անմիջապես կսառեցվեն Ռուսաստանի և ռուսաստանցիների հաշվեհամարներն Արևմուտքում։ Նա նաև խորհուրդ է տալիս խստացնել պատժամիջոցները «պուտինյան օլիգարխների և արտասահմանում գտնվող նրանց հարազատների» նկատմամբ։ Այդ դեպքում արդեն Պուտինը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ Ղրիմը թողնելու և իր իշխանությունը տանը թուլացնելու միջև։

«Նա կնախընտրի առաջին տարբերակը, և դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան Արևմուտքը կհասկանա, որ Պուտինին ոչ թե պետք է քծնել, այլ ճնշել։ Այլընտրանքը տխուր է։ Եթե Պուտինին թույլատրեն պահպանել Ղրիմը, ապա նրա իշխանությունը Ռուսաստանում կուժեղանա՝ դառնալով սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար։ Թող Օբաման հրապարակավ հայտարարի, որ Ուկրաինայի ինքնիշխան տարածքի, այդ թվում և Ղրիմի շուրջ բանակցություններ լինել չեն կարող»,- եզրափակում է հեղինակը։
XS
SM
MD
LG