Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է»


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության

Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարարը Բրյուսելում ելույթ է ունեցել ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովում:

«Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեքշաբթի օրը Բրյուսելում ելույթ ունենալով ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովում:

«Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ, «այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը», - ասել է Նալբանդյանը:

«1948 թվականին Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունումից հետո անցած 60 տարիներին Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ բարի կամքը բավարար չէ մարդկության դեմ հանցագործությունների նոր դեպքերը բացառելու համար», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով․ - «Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումն աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկներին»:

«Հասունացող ցեղասպան մթնոլորտի կանխումը ցեղասպանության կանխարգելման կարևոր հարթություն է: Անհրաժեշտ է չանտեսել և արմատախիլ անել այնպիսի ցեղասպան դրսևորումները, ինչպիսին են ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական հողի վրա քարոզվող ատելությունը և թշնամանքը: Իհարկե, լիակատար կանխատեսումը ոչ միշտ է հնարավոր թվում, բայց հնարավոր է բացահայտել ցեղասպանության դրսևորումներին տանող վտանգավոր իրավիճակները և գոտիները», - ասել է Նալբանդյանը և հավելել․ - «Միջազգային հանրությունը պետք է գնահատի ցեղասպան մթնոլորտի արմատները և պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը, և կանխի դրանք, քանի դեռ ուշ չէ: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա»:

«Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։

«Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ, ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան պատվիրակություններ, ականավոր գիտնականներ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համաժողովին ելույթ ունեցած շուրջ 120 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG