Մատչելիության հղումներ

Հայաստանում օտարերկրյա ներդրումները շարունակում են կրճատվել


Հայաստանում օտարերկրյա ներդրումները շարունակում են կտրուկ կերպով կրճատվել:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին 2012-ի համեմատ տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են ավել քան 35 տոկոսով՝ կազմելով 469 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի:

Ընդ որում, երկրորդ տարին է, ինչ օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ են կրճատվում: 2012-ին ներդրումները կազմել էին 725 միլիոն դոլար էր, ինչը 20 տոկովով քիչ էր 2011-ի հետ համեմատած (2011-ին օտարերկրա ուղղակի ներդրումները 906.3 միլիոն դոլար էին): 2013-ի օտարերկրյա ներդրումների ծավալը ամենափոքրն է 2007-ից ի վեր:
20132012201120102009200820072006
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ/մլն ԱՄՆ դոլար469.23725.18906.3706.9906.21132.4669.8467.4






«Ազատության» հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը կարծիք հայտնեց, որ ներդրումների կրճատումը «Հայաստանի տնտեսական դաշտում ստեղծված իրավիճակի հետևանք է»:

Անցած տարի նոյեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում։ Ավագյանի խոսքով՝ օտարերկրյա ներդրումների կրճատման պատճառներից մեկն էլ հենց տնտեսության մոնոպոլիզացված վիճակն է:

«Շուկայի կենտրոնացվածության աստիճանը բարձր է և վանում է ոչ խոշոր ներդրողներին։ Իսկ մեզ հարկավոր է, որ ակտիվություն ցուցաբերեն միջին կամ փոքր ընկերությունները, իսկ դրանք երբեք էլ ակտիվություն չեն ցուցաբերելու. պատճառներից մեկը կենտրոնացվածության բարձր աստիճանն ու այն շահերի բախումներն են, որտեղ իրենք իրենց անօգնական են զգում»,- ասաց տնտեսագետը։

Մյուս կողմից, Ավագյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին տասնամյակում խոշոր ներդրումները ուղղվում են ընդամենը մի քանի ոլորտ՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, տրանսպորտ: Քանի որ այդ ոլորտներում նոր՝ խոշոր, ներդրումների հնարավորություն առայժմ չկա, Հայաստանի տնտեսությունում լուրջ ներդրումներ չեն անում:

«Ներդրումների պակասելը կբերի տնտեսական աճի դանդաղեցմանը»,- համոզված է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակայն, ըստ Մակարյանի, այս տարի Հայաստանի կբախվի այլ դժվարությունների ևս։

«Անորոշություններով, տարբեր ռազմավարություններով լի տարի ենք մտել։ Առաջին մարտահրավերը Մաքսային միությանը անդամագրվելու խնդիրն է, երկրորդը մարտահրավերը առաջացրեց էներգակիրների թանկացումը, երրորդն էլ այն է, որ որքան էլ ձգտում ենք մեր հարաբերությունները շարունակել Եվրոպայի հետ, և այսօր Ուկրաինայի վերադասավորումների հետ կապված արդյո՞ք Հայաստանի նկատմամբ չեն սահմանափակի ծրագրերի իրականացումը»,- ասաց Մակարյանը։

Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով, հայաստանյան գործարար հանրությունում անհանգստացած են նաև Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, ինչն արդեն չեն թաքցնում այդ երկրի իշխանությունները:

«Ռուսաստանի տնտեսության վատացումը մեզ համար մի քանի հետևանքներ կարող է ունենալ. առաջինը՝ դա մեզ համար շուկա է, և քանդվող կամ թուլացող շուկայում բիզնես ակնկալելը դժվար կլինի, երկրորդ՝ Ռուսաստանը կփորձի իր քաղաքացիների շահերը պաշտպանել, մեր միգրանտների մի մասը կարող է գործազուրկ դառնալ կամ ավելի քիչ փող վաստակել, հետևաբար կպակասեն տրանսֆերտները»,- թվարկեց Մակարյանը։

Այսօր Էկոնոմիկայի նախարարությունից չարձագանքեցին, թե օտարերկրյա ներդրումների կրճատումը ի՞նչ ազդեցության կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:
XS
SM
MD
LG