Մատչելիության հղումներ

Հանրապետականի համար վերջնական կլինի ՍԴ որոշումը


Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ցույց Երևանում, փետրվար, 2014թ․

Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ցույց Երևանում, փետրվար, 2014թ․

«Դեմ եմ»-ի ներկայացուցիչը անհիմն է համարում կառավարության հետ իրենց պայմանավորվածության մասին ենթադրությունները:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության համար վերջնական կլինի Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի սահմանադրականության վերաբերյալ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող կուսակցության փոխնախագահ և խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, սակայն, որ իր կարծիքով՝ այստեղ հակասահմանադրական որևէ բան չկա:

«Ոչ, երբեք հակասահմանադրական չի, դա Սահմանադրության շրջանակում է», - հայտարարեց Սահակյանը՝ հավելելով․ - «Նույնիսկ եթե հակասահմանադրական, կամ գտավ, որ պարտադիր նորմը պիտի չլինի, միևնույն է՝ դա իմ տեսակետի վրա չի ազդի»:

Դատական լսումները երկուշաբթի օրը ավարտվեցին, և յուրաքանչյուր պահի ակնկալվում է Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը: Հայցվոր կողմը վստահ է, որ պարտադիր բաղադրիչն այս օրենքում հակասահմանադրական է, մինչդեռ պատասխանող կողմը երկու օր շարունակ պնդում էր, որ պարտադիր վճարը կարելի է գանձել օրենքի ուժով: Կուտակված թոշակը բացառապես անձի սեփականությունն է, և պետությունը չունի ուղղակի պարտավորություն՝ քաղաքացիների փոխարեն որոշելու, թե ինչպես նրանք տնօրինեն իրենց սեփականությունը, շեշտում էր հայցվոր կողմը։

Հանրապետական խմբակցության ղեկավարը, սակայն, այլ կարծիքի է: «Չեմ կարծում, որ որևէ մեկից եթե փող են պահում, դա պիտի էդ նույն պահին երջանկացնի: Սա էն խնդիրն է, որ, բնականաբար, սոցիալական իրավիճակը հաշվի առնելով, մարդիկ ուզում են հենց այսօր, մանավանդ երիտասարդ են, դեռ տարիներ ունեն, նրանց այդքան հետաքրքիր չի: Հետո նորմը նոր է մեր հասարակության մեջ, բնական է՝ պիտի խնդիրներ առաջացներ», - ասաց Սահակյանը:

Սահմանադրական դատարանի դատավորների սուր հարցերից դեռ չի կարելի ենթադրել՝ ինչպիսին կլինի վերջնական որոշումը, ընդգծեց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, թե վերջիններս պարզապես բարձրացնում էին հասարակությանը մտահոգող հարցերը: «Այսինքն, հարցադրումը որևէ ուղղորդող կամ ընդդիմանալու խնդիր չի լուծում», - նշեց Հանրապետականի փոխնախագահը:

Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը չեն գուշակում նաև «Դեմ եմ» շարժման անդամները: Այսօր որևիցե ակցիա չեն նախատեսել, սակայն դա չի նշանակում, որ մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հրապարակումը լուռ են մնալու:

«Իհարկե, ինքնանպատակ չպիտի լինեն, տեղին պիտի լինեն, էնպես չի, որ ամեն օր ինչ-որ ակցիա պիտի լինի, հաստատ էնպես չի, որ տենց մոտեցում ունենք որդեգրած, որ պետք է լուռ մնանք մինչև որոշում, չկա նման մոտեցում», - «Ազատությանը» ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Նախքան Սահմանադրական դատարանի լսումները վարչապետը երկխոսության առաջարկ էր արել «Դեմ եմ»-ին: Դավիթ Մանուկյանը սին ու անհիմն է համարում այն ենթադրությունը, որ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև, և նախաձեռնության այսօրվա լռությունը պայմանավորված է դրանով:

«Լրիվ ստահոդ ու անհիմն եմ համարում, որովհետև մենք որևէ պայմանավորվածություն կառավարության հետ չենք կարող ունենալ․ պայմանավորվածություն ինչի՞ մասին: Մենք բազմիցս ասել ենք՝ մենք չենք պատրաստվում սակարկել հանրային շահը: Կա հանրային շահ և կա հանրային պահանջ հստակ, որը այսպես է ստացվել՝ «Դեմ եմ»-ն այդ հանրային պահանջը այդ հարցի շուրջ ներկայացնում է, և որևէ բան սակարկելու իրավունք էլ չունենք», - ասաց Մանուկյանը:

«Եթե անգամ մի օր «Դեմ եմ»-ը գնա կառավարության հետ հանդիպման, դա հանրությունը միանշանակ կիմանա, որովհետև կլինի հրապարակային, և «Դեմ եմ»-ը չի գնա ինչ-որ բան բանակցելու կամ սակարկելու, որովհետև մենք այդ լիազորությունն էլ չունենք ողջ հանրության անունից բանակցելու, մենք կարող ենք գնալ և մեր մոտեցումները տալ իշխանությանը, մե՛ր մոտեցումները, ոչ թե բանակցենք, որ այսպես պիտի լինի կամ այնպես պիտի լինի», - ընդգծեց «Դեմ եմ»-ի ներկայացուցիչը:

Մանուկյանի հավաստմամբ՝ «Դեմ եմ»-ը շարունակելու է պայքարել պարտադիր բաղադրիչի դեմ, սակայն չի լռելու, եթե կառավարությունը մի նոր հակասոցիալական և անմարդկային տարբերակ առաջարկի:
XS
SM
MD
LG