Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի գյուղացիներն ասում են՝ այս տարի բերքահավաք չի լինի


Ոսկեհատ գյուղի բնակիչները շվարած են՝ վարկերը չգիտեն ինչպես են մարելու, իսկ պետությունից աջակցություն չեն ակնկալում: Երկու օր առաջ տեղացած ձյան պատճառով Արմավիրի մարզի գյուղերի մեծ մասում բերքահավաք չի լինի՝ բերք չկա։

Արմավիրի մարզի մեկ այլ գյուղում՝ Հովտամեջում, գարնանային աշխատանքների եռուն շրջանն է: Մինչդեռ, գյուղացիները տներում են, ով էլ տանը չէ՝ աշխատանք է փնտրում․ ապրուստի միակ միջոցը ոչնչացվել է։

Այս բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ են վերցրել գրեթե բոլորը։

Մկրտիչ Հովհաննիսյանը, օրինակ, պարարտանյութ գնելու համար է գումար վերցրել, մինչդեռ ամբողջ բերքը ոչնչացվել է, հիմա վարկը մարելու համար պատրաստվում է նոր վարկ վերցնել։

Գյուղացիները պատմեցին, որ եղանակային փոփոխությունների մասին գյուղատնտեսության նախարարությունը իրենց զգուշացրել էր, մինչդեռ դա օգուտ չտվեց, քանի որ իրենք պատրաստվում էին ցրտահարության, ոչ թե ձյան։

Նույն պատկերն է նաև Արագածոտնի մարզի Լեռնամերձ գյուղում։ Այստեղ ծիրանի այգիները հեկտարներով են, իսկ բերքը ցրտահարվել է գրեթե 100 տոկոսով։

Այս գյուղերի բնակիչները պետությունից աջակցություն չեն ակնկալում, որպես օրինակ նշելով անցած տարվա գարնանը տեղի ունեցած կարկտահարությունը, որից հետո օրինակ Լեռնամերձում գյուղացիները մի քանի լիտր վառելանյութ են ստացել միայն։

Ամեն ինչ սեփական միջոցներով պետք է լուծեն, իսկ վարկերը մարելու ժամանակը մոտենում է։
XS
SM
MD
LG