Մատչելիության հղումներ

Գամսախուրդիա ընտանիքը Վրաստանի առաջին նախագահի մահվան նոր քննություն է պահանջում


Վրաստանի անկախության շարժման առաջնորդներ Զվիադ Գամսախուրդիան (ձախից) և Մերաբ Կոստավան 1980-ականների վերջին

Վրաստանի անկախության շարժման առաջնորդներ Զվիադ Գամսախուրդիան (ձախից) և Մերաբ Կոստավան 1980-ականների վերջին

Զվիադ Գամսախուրդիայի հարազատներն ու կողմնակիցները տարիներ շարունակ կասկածի տակ են առել նրա ինքնասպանության վարկածը:

Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքը երկրի իշխանություններից պահանջում է Վրաստանի առաջին նախագահի մահվան իրական պատճառները պարզելու նպատակով նոր հետաքննություն սկսել:

Գամսախուրդիայի հարազատներն ու կողմնակիցները տարիներ շարունակ կասկածի տակ էին առնում Վրաստանի առաջին նախագահի մահվան պաշտոնական վարկածը` ինքնասպանությունը:

Գամսախուրդիայի զավակներն իրենց այս պահանջը հնչեցրեցին երկուշաբթի օրը Մտածմինդայի պանթեոնում, որտեղ ամփոփված է Գամսախուրդիայի մարմինը: Երեկ Գամսախուրդիայի ծննդյան 75-ամյակը նշելու նպատակով Մտածմինդայի պանթեոնում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` այդ թվում Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Ւլյա երկրորդն ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նոր հետաքննություն սկսելու ընտանիքի պահանջը լրագրողներին ներկայացրեց Զվիադ Գամսախուրդիայի ավագ որդին` Կոնստանտինեն: «Մենք` Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի անդամներս, դիմում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը` խնդրելով մեր հոր մահվան հանգամանքների նոր հետաքննություն անցկացնել: Համոզված ենք, որ այդ քայլը հնարավորություն կտա տրամաբանական ավարտին հասցնել այս ողջ պատմությունը», - հայտարարում էր Կոնստանտինե Գամսախուրդիան:

Դեռ 2009 թվականի գարնանը Գամսախուրդիայի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Վրաստանի խորհրդարանը հատուկ հանձնաժողով էր ստեղծել: Դրա վերջնական եզրակացությունը հրապարակվեց 2011-ի փետրվարին: Ավելի քան 40 վկաների հարցաքնությունների և մի քանի տասնյակ փորձաքննությունների հիման վրա կազմված 300-էջանոց փաստաթղթում պատգամավորները միանշանակորեն բացառել էին ինքնասպանության վարկածը:

Գամսախուրդիայի որդիներից ևս մեկը` Ցոտնեն, երեկ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում նշում էր, որ խորհրդարանականների մեկուկես տարի տևած աշխատանքն այդպես էլ որևէ առարկայական արդյունքի չհանգեցրեց: «Ես կարող եմ ասել, որ սա մեր ընտանիքի միասնական մոտեցումն է: Դեռ մի քանի տարի առաջ խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը արձանագրել է, որ Վրաստանի առաջին նախագահը սպանվել է: Այն փաստը, որ խորհրդարանականների այդ եզրակացությունից հետո նոր հետաքննություն այդպես էլ չի մեկնարկել, մեր երկրի համար մեծագույն խայտառակություն է», - հայտարարում էր Ցոտնե Գամսախուրդիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG