Մատչելիության հղումներ

Քերի-Լավրով հերթական, այս անգամ չորս տևած բանակցությունները ավարտվեցին Ուկրաինայի ճգնաժամի հարցում որոշակի համաձայնությամբ՝ երկուստեք ընդգծելով Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու կարևորությունը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպումից հետո հայտարարել է, թե Լավրովի հետ ունեցած բավական անկեղծ բանակցությունների ժամանակ ինքը Ռուսաստանի քայլերը որակել է անօրինական՝ ընդգծելով, որ Ռուսաստանը գտնվում է պատմության սխալ կողմում: Այդուհանդերձ, Քերրիի խոսքերով՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ցանկություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ այս դժվարին անցումային փուլում:

Քերրին հայտարարել է նաև, որ առանց ուկրաինացիների մասնակցության Ուկրաինայի հարցում որևէ որոշում չպետք է կայացվի:

«Միացյալ Նահանգներն Ուկրաինայի հետ այս գործընթացի ամեն քայլափոխին խորհրդակցություններ է անցկացնում, և մենք առաջընթաց չենք արձանագրի, քանի դեռ սեղանի շուրջ բացակայում է Ուկրաինայի օրինական իշխանությունը: Այս սկզբունքը պարզ է՝ չկա Ուկրաինայի մասին որոշում առանց Ուկրաինայի մասնակցության»,- ասել է Քերրին:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը իր խոսքում շեշտել է, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Ուկրաինայի արևելյան սահմանին ռուսական զինված ուժերի ներկայությամբ:

Լավրով-Քերրի փարիզյան հանդիպումը շուտափույթ կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև մարտի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Դեռ հանդիպման նախօրեին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լավրովը հերքել էր Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր ուղարկելու մտադրության մասին:

Փարիզում տեղի ունեցած այս հանդիպման ընթացքում ռուսական զինված ուժերի դուրս բերման մասին պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չբերվեց, ինչը փորձագետներին թույլ է տալիս այս հանդիպումը ևս համարել անարդյունավետ:

Լավրովը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Ուկրաինան չի կարող գործել որպես միասնական պետություն, փոխարենը կարող է լինել ազատ դաշնային պետություն, որի մարզերը հնարավորություն կունենան ընտրել իրենց սեփական տնտեսական մոդելը, լեզուն և կրոնը:

«Երկրում կայունություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ նոր իշխանությունները կանտեսեն ռուսաց լեզվի՝ որպես երկրորդ հիմնական լեզվի գոյության փաստը»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Մենք պայմանավորվել ենք աշխատել Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ՝ առավել ընդարձակ իմաստով, որպեսզի հասնենք խաղաղության իրականացման այնպիսի գերակա խնդիրների հարցում, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների և լեզվական իրավունքների, անկանոն ուժերի և սադրիչների զինաթափման հասնելու, ընդգրկուն սահմանադրական բարեփոխումների և ազատ ու արդար ընտրությունների անցկացման՝ միջազգային դիտորդների ներկայությամբ»,- ասել է Լավրովը:

Փարիզում անցած կիրակի ուշ երեկոյան տեղի ունեցած այս չորս ժամ տևած հանդիպումը առաջինն էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն և Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ:

Արևմտյան ղեկավարները շարունակում են զգուշացնել, որ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների հաջորդ փուլը, որն անմիջականորեն կվերաբերի այդ երկրի տնտեսության գերակա ուղղություններին՝ ներառյալ գազի և նավթային արդյունաբերությանը, կարող են կյանքի կոչվել, եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացումն Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG