Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը առաջնային չի համարում «արդարության» մասին Կառավարության փաստարկը


Հայաստան -- «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության խորհրդանշական բողոքի ակցիա Սահմանադրական դատարանի դիմաց, 28-ը մարտի, 2014թ․

Հայաստան -- «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության խորհրդանշական բողոքի ակցիա Սահմանադրական դատարանի դիմաց, 28-ը մարտի, 2014թ․

Կառավարությունը պնդում է, թե պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը արդարության սկզբունք է մտցնում։

«Դեմ եմ» շարժումը առաջնային չի համարում Կառավարության փաստարկը, թե պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը արդարության սկզբունք է մտցնում՝ մարդը կստանա այնքան թոշակ, որքան կկուտակի աշխատանքի ընթացքում։

Սա այն հիմնական փաստարկն է, որ Սահմանադրական դատարանում բերվում է Կառավարության կողմից, որպես այս համակարգի ներդրման գլխավոր առավելություն: Ընդ որում, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականության հարցով դատարանում անցկացվող լսումների արդեն երկրորդ օրն է՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունը պատասխանող կողմից՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանից, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանից, Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանից փորձում է պարզել՝ ի՞նչ արդարության մասին է խոսքը, եթե նոր համակարգի նեդրմամբ աշխատողների հարկային բեռը ավելանում է, իսկ գործատուն առհասարակ դուրս է մղվում այս հարաբերություններից:

Դատական գործընթացին հետևող «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներից քաղաքագետ Դավիթ Մանուկյանը նույնպես Կառավարության մոտեցումն անարդար է համարում:

«Ինձ համար այո՛, սա անարդար է, և այդ անարդարությունը մի հատ էլ խորացվում է այս պարտադիր վճարով, չնայած պարտադիր վճարի դեպքում, եթե անգամ, որոշվեր, օրինակ, որ գործատուն պետք է վճարի, էլի կարծում եմ, որ միևնույնն է՝ հակասահմանադրական կետեր կլինեն: Որովհետև այստեղ միայն այն չէ, թե ով է վճարում, մի հատ պետք է հասկանալ՝ այդ վճարը որքանո՞վ է սահմանադրական, և հետո արդեն արդարության սկզբունքով՝ ում վրա ինչքան բեռ պիտի լինի, նոր այդ բաշխումը պիտի արվի», - մեկնաբանում է Դավիթ Մանուկյանը:

«Դեմ եմ»-ի անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանը սխալ է համարում նաև պարտադիր կուտակայինի բեռը գործատուի վրա դնելու մոտեցումը: Նրա խոսքով, գործատուն արդեն սոցիալական հարկը վճարում է եկամտահարկի մեջ, բացի այդ՝ գործատուն կարող է կամավոր նման քայլեր ձեռնարկել․ - «Բայց երբ որ պարտադրանքով դնես այս գումարը գործատուի վրա, ոչինչ չի փոխվի հենց մեզ համար, որովհետև այդ նույն ձևով ինքնարժեքի մեջ կներառվեն նաև այդ գումարները և մենք սկսելու ենք վճարել, եթե ոչ մեր աշխատավարձից, ապա անուղղակի կերպով՝ լույսին, ջրին, ծառայություններին տարբեր տեսակի: Այսինքն գնաճ է տեղի ունենալու և Կառավարությունը միտումնավոր այդպես չի վարվել, որպեսզի այդ գնաճից խուսափի, որովհետև հասկանում է, որ այդ գնաճը շատ արագ է տեղի ունենալու և շատ արագ ավելի մեծ ըմբոստություն, դժգոհություն էր դուրս գալու ժողովրդի»:

Դատավարության երկրորդ օրը ՍԴ նախագահի հարցին, թե քանի՞ մարդ է արդեն ընտրել կառավարիչ, ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց 5337 թիվը, ավելացնելով, որ 127,007 մարդու համար գործատուներն արդեն դրամական փոխանցումներ են արել:

«Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներ Մարիանա Քալեջյանն ու Դավիթ Մանուկյան ասում են, որ ակնհայտ է, որ շատ դեպքերում գործատուները այս մարդկանց կարծիքը չեն հարցրել, ինչն իրականում մարդու իրավունքների խախտում է:

«Դեմ եմ» շարժման ներկայացուցիչները ասում են, որ դատավորները բավական խիստ հարցադրումներ են անում, սակայն դեռ չեն շտապում հետևություններ անել և շարունակում են բարձր այս ատյանից հստակ, այլ ոչ թե երկիմաստ որոշում:
XS
SM
MD
LG