Մատչելիության հղումներ

Կառավարությունը անհնար է համարում կուտակայինի ներդրումը հետաձգելը


ՍԴ-ն այսօր շարունակեց պարտադիր կուտակայինի հարցով քննությունը:

Կառավարությունն անհնար է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ-երկու տարով հետաձգելը:

«Մենք արդեն ուշացել ենք որոշակիորեն: Եվ ևս ինչ-որ ժամանակահատված հետաձգել՝ դա շատ ավելի ծանր երևույթների ու իրավիճակի կբերի, և այդ առումով ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորության պատուհան, որը պիտի օգտագործենք՝ իրականացնելով այս լրջագույն բարեփոխումները», - այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց հրավիրյալի կարգավիճակով հանդես եկող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի ճշտող հարցին:

Սահմանադրական դատարանի մեկ այլ անդամ՝ Վլադիմիր Հովհաննիսյանը, նախարարին հիշեցրեց, որ այն բանից հետո, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման մասին օրենքի սահմանադրականության հարց էր բարձրացվել, հանրապետության մի շարք բարձր պաշտոնատար անձինք խոսել էին օրենքում թերությունների, թերացումների մասին, որոնք պետք է վերացվեն:

«Որո՞նք են այդ խնդիրները, մի քանիսը գոնե ասեք: Որոնք նաև Սահմանադրական դատարանին կօգնեն իր որոշումը կայացնել», - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմեց Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Այս պահին չունեմ այդպիսի գնահատական՝ որ հոդվածներում, որ դրույթները կոնկրետ այսօր խնդրահարույց են և պետք է անդրադարձ կատարվեն», - արձագանքեց Արտեմ Ասատրյանը:

«Կներե՛ք, բայց ստացվում է, որ Հանրապետության ղեկավարները ապրիորի, տեսականորեն ասել են՝ այնտեղ կան թերություններ, որոնք պետք է շտկվե՞ն, թե՞ նախապես ձեզ հետ, համապատասխան իրավասու մարմինների հետ ուսումնասիրել, վերլուծել են, առարկայական է եղել հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է հենց այնպես․․․», - զարմացավ Սահմանադրական դատարանի անդամը:

Սահմանադրական դատարանի անդամներին այսօր նաև մեկ այլ հարց էր հետաքրքրում՝ համակարգի ներդրման շուրջ ստեղծված սոցիալական այսպիսի բողոքը կառավարություն կանխատեսե՞լ էր: Նախարար Արտեմ Ասատրյանը իրավիճակը ադեկվատ գնահատեց, որովհետև, նրա խոսքով, ամենամեծ խնդիրն այստեղ ինֆորմացիայի պակասն է:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ներսես Երիցյանն իր խոսքում նշեց՝ համակարգն, անշուշտ, ռիսկեր պարունակում է, բայց դրանք հավասարակշռված են:

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը անհրաժեշտ համարեց արձագանքել այս դիտարկմանը․ - «Այն պատասխանները, որ տալիս էիք, այդ պատասխանների ժամանակ այնպես ներկայացնեիք հասարակությանը, որպեսզի հասարակությունը ծափահարություններով ընդուներ: Դուք այնպես եք հիմա ներկայացնում, որ կարծեք թե որևէ ռիսկային պահ չկա այստեղ և ավանդ ներդնողը անպայման ավելի քիչ է տուժելու»:

Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը հարցրեց․ - «Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներ դադարեցրել և կասեցրել են այս համակարգը տարբեր մտահոգություններից, պատճառներից ելնելով: Հայաստանյան իրականության մեջ նման սցենարի զարգացում բացառո՞ւմ ենք, և եթե ոչ՝ Կենտրոնական բանկը իրեն հանրային, սահմանադրաիրավական պատասխանատու կհամարի՞ նման ձախողումների համար»:

Երիցյանն արձագանքեց․ - «Ես իմ անունից կարող եմ հանդես գալ՝ ես ամբողջությամբ պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ ներկայացնում եմ ձեզ»:

Ֆելիքս Թոխյանն այսօր անդրադարձավ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեկնաբանությանը: Հիշեցնենք՝ այդ որոշումից հետո Կենտրոնական բանկը հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը հետևյալ կերպ․ - «Դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականությունից չի ազատել»:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ կամ Կենտրոնական բանկի օրենքով որտե՞ղ է գրված այդ լիազորությունը՝ տալ Սահմանադրական դատարանի այդպիսի պարզաբանո՞ւմ ասեմ, մեկնաբանությո՞ւն ասեմ, որին եղավ նաև մեր աշխատակազմի ղեկավարի շատ գիտակ, բայց կոշտ պատասխանը», - հարցրեց ՍԴ անդամը:

«Այդ իրավիճակում մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների արդյունքում հայտարարություն ենք արել, իրավիճակը ինչ-որ ձևով կարգավորելու առումով, որը ընդամենը հայտարարություն էր և պարտադիր պայման չի կրել», - պատասխանեց Երիցյանը:

Ի դեպ, իր ամփոփիչ խոսքում Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը Սահմանադրական դատարանին հորդորեց որոշման մեջ ոչ իրավաչափ գնահատել այս տարվա հունվարի 24-ի որոշումից հետո պետական կառույցների կողմից աշխատողների վրա բանեցվող ճնշումները, նաև լուծել այն քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցը, որոնց կամքից անկախ հաշվարկվել, պահվել կամ փոխանցվել են պարտադիր կուտակային վճարներ:

Նշենք, որ Սահմանադրական դատարանում գործի քննության արդեն երկրորդ օրն է՝ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ գործատուն համակարգին չի մասնակցում, ողջ բեռը աշխատողի վրա է ընկնում: Հարությունյանը նույնիսկ առաջարկեց այս հարցը օրենքով կարգավորել՝ կանխելով գործատուների այն հայտարարությունները, թե իրենց բարեգործության շնորհիվ որոշ դեպքերում հարկված գումարները փոխհատուցվել են աշխատողներին:

Մինչ դատարանը կանցներ խորհրդակցական սենյակ՝ լսեց կողմերի եզրափակիչ ելույթները: Դիմողները՝ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները գտնում են, որ պատասխանող կողմն այդպես էլ լուրջ հիմնավորումներ չներկայացրեց կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչը պահպանելու օրինականության վերաբերյալ, չկարողացավ հերքել նաև իրենց բարձրացրած այն մտահոգությունները, թե կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառումը նաև տնտեսական առումով կվատթարացնի երկրի վիճակը, կնվազեցնի տնտեսական աճը, կավելացնի պետական պարտքը, կբարձրացնի աղքատության մակարդակը, կավելացնի տնտեսության ստվերայնությունը, կխթանի արտագաղթը: Արծվիկ Մինասյանը Կենտրոնական բանկի համացանցի միջոցով կատարած մի հաշվարկ ներկայացրեց՝ 23 տարի կուտակելու դեպքում ինչքան թոշակ է ստանալու այսօր չհարկված 150,000 դրամ եկամուտ ունեցող անձը և կրկին շեշտեց՝ օրենքը չի տալիս բարեկեցության երաշխիքներ:

«Ամսական ստացող կենսաթոշակի ներկա արժեքով այն կստացվի 41 հազար 483 դրամ», - հայտարարեց Մինասյանը:
Ազգային ժողովի ներկայացուցիչ, հանրապետական Հակոբ Հակոբյանն ասաց՝ Սահմանադրությանը հակասող որևէ նորմ չի տեսնում:

«Մեր կենսաթոշակային այսօրվա համակարգը բացարձակ աներաշխիք համակարգ է», - հավելեց նա:

Հիշեցնենք, Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժեր Սահմանադրական դատարանից պահանջում են Մայր օրենքին հակասող ճանաչել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք հոդվածներ: Խոսքը, մասնավորաբար, կուտակային պարտադիր բաղադրիչին է վերաբերում:

Խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու հեռացող Սահմանադրական դատարանին պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց՝ ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդեք:
XS
SM
MD
LG