Մատչելիության հղումներ

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ, լրագրող Թոմաս դե Վաալն իր վերջին վերլուծական հոդվածում անդրադառնում է Ղրիմի ճգնաժամի ֆոնին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման ազդեցությունը շարունակում է թևածել հետխորհրդային տարածքում, գրում է հեղինակը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի այդ քայլը վերաբացեց 90-ականներին այդ տարածաշրջանում բռնկված ինքնիշխանության շուրջ վեճերի Պանդորայի արկղը: Կովկասում գլխավոր խաղացողներն այժմ վերագնահատում են` ի՞նչ է սա նշանակում չկարգավորված հակամարտությունների համար»,- գրում է փորձագետը՝ միաժամանակ նկատելով, որ այժմ հարմար պահ չէ աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի` տարածաշրջանի ամենահին և ամենախոշոր հակամարտության խնդիրը:

Տարիների ընթացքում Ռուսաստանը տարբեր օրակարգեր և փոփոխվող դերակատարություն է ունեցել Ղարաբաղի հարցում` հակամարտության ընթացքում ակտիվ միջամտությունից և 1994 թվականի զինադադարի շուրջ բանակցություններից մինչ երկարատև և բավական ներդաշնակ համագործակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:

«Արդյոք փոխվե՞լ է դա»,- հարցնում է վերլուծաբանը և շարունակում․- «Մինսկի խումբն, ամենայն հավանականությամբ, կգոյատևի: Սակայն խաղաղ կարգավորում ապահովելու՝ Մինսկի խմբի կարողությունները ներկայումս ավելի քան թուլացած են թվում, և Պուտինի հաշվարկները Ղարաբաղի հարցում այժմ, հավանաբար, կտարբերվեն իր նախկին հաշվարկներից, որոնք նա ուներ ամիսներ առաջ, ճիշտ այնպես, ինչպես նրա «մերձավոր արտասահմանի» պարագայում»:

Ղրիմի ճգնաժամի բռնկումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցում անմիջապես կոշտացրեցին իրենց դիրքորոշումը, նկատում է վերլուծաբանը:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարեց Պուտինին` ցուցաբերելով նրան ոչ լիարժեք աջակցություն: Չնայած դա էլ բավական էր Ուկրաինայի համար, որպեսզի վերջինս ետ կանչեր իր դեսպանին Երևանից: Սարգսյանն աջակցություն հայտնեց Պուտինի քայլի առաջին կեսին` Ղրիմի հանրաքվեին, բայց ոչ մի խոսք Ռուսաստանի` Ղրիմը բռնակցելու իրավունքի մասին: Դրանով Սարգսյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղի հայերն ունեն հանրաքվեի միջոցով անջատվելու իրավունք»,- գրում է դե Վաալը:

Վերլուծաբանը նաև գրում է՝ գաղտնիք չէ, որ այս ճգնաժամում Ադրբեջանը նախապատվությունը տալիս է Ուկրաինային, սակայն մեծամասամբ լռություն պահպանելով, չցանկանալով առանց հիմնավոր պատճառի վիրավորել Ռուսաստանին: Ալիևը, սակայն, Նովրուզի տոնախմբությանը Ղարաբաղի հարցում արտառոց ագրեսիվ ելույթ ունեցավ՝ ասելով, որ ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի այլ տարածքները «Ադրբեջանի պատմական հողերն են»:

Երկու երկրների նախագահներն մասնակցեցին Հաագայում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նրանք հանդիպեցին միջնորդների, սակայն ոչ միմյանց հետ:

«Եթե նրանք ռազմավարական հեռատեսություն ունենային, ապա կդիտարկեին Ղրիմի ճգնաժամը որպես մերձեցման հնարավորություն և Ղարաբաղի շուրջ անհամաձայնությունները հարթելու հնարավորություն, այլ ոչ թե թույլ կտային ենթարկվել արտաքին ուժերի կողմից հաստատված նոր օրակարգի շահարկումներին: Բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունն ու այն կառուցելու կամքի դրսևորումն այնքան փոքր են, որ ավելի հավանական է, որ խաղաղության հասնելու համար Ղրիմը դառնա ևս մեկ խոչընդոտ»,- եզրահանգում է բրիտանացի փորձագետը:
XS
SM
MD
LG