Մատչելիության հղումներ

«Որոշումը ակնհայտ է, եթե դատարանը լինի անաչառ»


«Դեմ եմ» նախաձեռնության ակցիան Սահմանադրական դատարանի շենքի մոտ, Երևան, 28-ը մարտի, 2014թ․

«Դեմ եմ» նախաձեռնության ակցիան Սահմանադրական դատարանի շենքի մոտ, Երևան, 28-ը մարտի, 2014թ․

Ըստ «Դեմ եմ»-ի ներկայացուցչի՝ պատասխանող կողմը ՍԴ-ում դեմագոգիայից բացի լուրջ փաստարկներ չներկայացրեց: Հանրապետական պատգամավորը, սակայն, այլ կարծիքի է:

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականությունը քննարկելիս պատասխանող կողմը դեմագոգիայից բացի լուրջ փաստարկներ այդպես էլ չներկայացրեց: «Ազատության» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը՝ պնդելով, որ հայցվոր կողմը նկատելիորեն շատ ավելի լավ էր պատրաստված դատավարությանը:

«Բացարձակ ոչ մի հակափաստարկ չբերվեց: Բացատրում էր, թե ինչու է օրենքը ընդունվել, և այն պահին, որ ես ինքս էի մտածում՝ ախր ընդհանրապես [Սահմանադրական դատարանի] նիստը այդ մասին չէ, այդ պահին [Սահմանադրական դատարանի նախագահ] Գագիկ Հարությունյանը ընդհատեց պատասխանող կողմին և ասեց, որ «Դուք բացատրում եք, թե ինչի եք օրենքը ընդունել, քան թե բացատրում եք, պաշտպանում եք, որ այն սահմանադրական է», - ասաց Թանդիլյանը:

Իշխող Հանրապետական կուսակցությունից Հովհաննես Սահակյանը, սակայն, այլ կարծիքի է: Արարողակարգային ընթացակարգով քննություն էր, ըստ պատգամավորի, և քանի դեռ չկա վերջնական որոշում, ճիշտ չէ եզրահանգումներ անելը:

«Հայցվոր կողմը ներկայացրել է բազմաթիվ փաստեր, հանգամանքներ, որ հակաօրինական են, ճիշտ չեն, էսպես, էսպես, էսպես, մենք էլ պատասխանել ենք, որ դա էդպես չէ, էսպես չէ, էսպես չէ: Հիմա մենք ընդհանուր երբ որ խոսում ենք և տալիս ենք գնահատական, դա մի փոքր այլ ձև կընկալվի: Դրա համար պետք է որոշումը լինի, ցանկացած փաստարկ փորձենք առարկայական կոնկրետ տալ հակադարձում կամ պատասխան», - նշեց Սահակյանը:

«Ազատության» հարցին՝ հիմնավո՞ր էին արդյոք իրենց համար հայցվոր կողմի ներկայացրած փաստերը, իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց․ - «Եթե մենք էդ փաստերին կամ էդ ներկայացրած հիմնավորումների հետ համամիտ լինեինք, առնվազն, մենք վաղուց դա կարող էինք նաև ի գիտություն ընդունել կամ քննարկել: Բայց քանի որ այդ փաստերը, հանգամանքները ներկայացվում է արդեն իսկ օրենքը ընդունելուց հետո երկու երեք տարի հետո, կարծում եմ՝ սա օրենսդիրի կողմից մեկնաբանություն տալու և գնահատական տալու, մի փոքր, որպես ընդունված փաստ, ուշացած է»:

Այս գործով Սահմանադրական դատարանի առաջին նիստից հետո «Դեմ եմ»-ի անդամ Մանե Թանդիլյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ պատասխանող կողմի՝ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի մի շարք փաստարկներ հասկանալի չէին անգամ Սահմանադրական դատարանի դատավորների համար:

«Չի կարելի ասել՝ այլընտրանք չկա, և չի կարելի մարդուն հարցնել՝ «դու ուզո՞ւմ ես ապահով ծերություն՝ ուրեմն էս օրենքը պիտի անցնի»: Էդպիսի հարցադրում դնել՝ դա ոչ արհեստավարժ է», - ասաց Թանդիլյանը:

Հայցվոր կողմը պնդում է, որ օրենքում կան շատ բացթողումներ, և այս դատավարությանը ներկայացված են դրանցից մի քանիսը միայն: Հիշեցնենք, որ օրենքին ընդդիմացողների հիմնական պահանջը պարտադիր բաղադրիչի վերացումն է:

«Ազատության» հարցին՝ արդյոք 10 տարի շարունակ մշակված օրենքը կենսունակ կլինի՞, եթե Սահմանադրական դատարանը վերջնական որոշումով պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, թե օրենքը միայն պարտադիր բաղադրիչով չէ պայմանավորված, սակայն այն կարևոր մասերից մեկն է: Հանրապետական պատգամավորը, միաժամանակ, ընդունեց, որ այսօր բարդ է հստակ պատասխան տալ այդ հարցին:

«Կարևորագույն փաստը դա է հանդիսանում: Քանի որ մեր Սահմանադրական դատարանը, նորից ասեմ, մեր իրավական հիմքն է, և այլն, և այլն, որոշումները մեր համար պարտադիր են և իրավական հիմք ունեն, կարծում եմ՝ ենթակա է կատարման, այլ խնդիր է, որ պետք է հետագա քաղաքականությունը, քայլերը մտածես այլ կերպ», - ասաց Սահակյանը՝ հավելելով․ - «Քանի որ Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չի կայացրել, էս բոլոր պատասխանները և հարցադրումները միայն «եթե»-ների շարքից են»:

Երկուշաբթի օրը շարունակվելիք դատավարության ժամանակ որպես պատասխանող հանդես կգան կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կհրապարակվի արդեն հաջորդ շաբաթ:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի «Դեմ եմ»-ը Սահմանադրական դատարանի վճռի հետ կապված, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ - «Օրենքը հակասահմանադրական է, այստեղ մնում է անաչառությունը, և այստեղ մնում է պատասխանող կողմին փրկելու ցանկություն չունենալու քաղաքական նպատակներից ելնելով: Տեսակով, ինչպեսով որ ներկայանում էր պատասխանող կողմը, այդ ձևով դատարան չեն գնում»:

«Էնքան բացահայտ հակասահմանադրական է, որ պաշտպանել այդ օրենքը իրոք չէին կարող զուտ իրավաբանական հարթության վրա, և հենց այդ պատճառով այստեղ ներկայացված են մարդիկ, որ կարծես մենք ինքներս արդարացնենք՝ ասելով՝ դե, իրավաբան չէր․․․ Հենց այդ պատճառով, ես կարծում եմ, ուղղակի նույն ձևի երկուշաբթի օրն է լինելու, և որոշումը ինձ համար ակնհայտ է, եթե դատարանը լինի անաչառ: Էստեղ մենք ուղղակի կտեսնենք, թե որքանով է Սահմանադրական դատարանը անկախ գործում: Այլ հարց է, թե ինչ որակով այն կճանաչվի, ինչ տեսքով կմատուցվի», - հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG