Մատչելիության հղումներ

Վարչապետի հավաստմամբ՝ ՄՄ-ի առավելությունները թերություններից շատ են


Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովում, Երևան, 29-ը մարտի, 2014թ․

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովում, Երևան, 29-ը մարտի, 2014թ․

ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ Տիգրան Սարգսյանը նաև բացահայտեց Մաքսային միությանը Հայաստանի արագորեն ինտեգրվելու գաղտնիքը:

Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստան ներկրվող ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը միջինը երեք անգամ կբարձրանան, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Սա նշանակում է, որ ներկրվող ապրանքների գները շեշտակի կաճեն, թեև այս պահին, ըստ վարչապետի, մոտ 900 անուն ապրանքների հարցով բանակցություններ են տարվում։

Տիգրան Սարգսյանը խոստովանեց, որ թեև այս քայլով որոշ ներկրողների բարդ վիճակի մեջ են դնում, բայց սպառողների համար հարցի լուծումը գտել են․ - «Մենք պետք է ուղղվածությունը փոխենք դեպի Մաքսային միության շուկաներ և նախապատվությունը այդ առումով տանք հենց Մաքսային միության երկրների կողմից արտադրված ապրանքներին և ծառայություններին»:

Ընդունելով հանդերձ, որ անդամակցությունը դժվարություններ ու թանկացումներ է բերելու որոշ ապրանքների գծով, վարչապետը միաժամանակ հավաստիացնում է՝ Մաքսային միության առավելությունները թերություններից շատ են, և այսօր Հայաստանի անդամակցությանը որևէ խոչընդոտ չկա։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում իրենք տեսան Եվրամիության ուժեղ և թույլ կողմերը, ուսումնասիրեցին նաև այդ շրջանում Մաքսային միության երկրների տնտեսությունը և արդյունքում որոշում կայացրեցին հօգուտ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքի։ Ընդ որում, պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ այս քայլը անակնկալ չի եղել, և Եվրամիության հետ տարիներ շարունակվող բանակցություններից մեկ օրում շեղվելու մասին եվրոպացի գործընկերներին ժամանակին զգուշացրել էին։

«Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու: Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների, ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված կլինեն որևէ այլ գործընկերոջ դեմ»:

Սարգսյանի խոսքով՝ այն մտահոգությունը, որ Մաքսային միությանը անդամակցելով Հայաստանը կորցնելու է ինքնիշխանության մի մասը, ճիշտ չէ, քանի որ միության շրջանակներում որոշում կայացնելիս Հայաստանը, օրինակ, Ռուսաստանին հավասար ձայնի հնարավորություն է ստանալու։

Համաժողովի ընթացքում ընթերցվեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որտեղ նա գովեստի խոսքեր հնչեցնելով կրկնում էր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած միտքը, թե Հայաստանը այնքան արագ է շարժվում անդամակցության ճանապարհին, որ գործընկերները նույնիսկ չեն հասցնում։

Անդամակցության ուղղությամբ Հայաստանի ջանասիրությունը բարձր գնահատեց նաև ինտեգրման գործընթացները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վալովայան, ով համեմատելով նույն միությանը Ղրղըզստանի անդամակցության քայլերը՝ ասաց, որ Հայաստանը կարող է համարվել վառ օրինակ անդամակցության ձգտող մյուս երկրների համար։

«Երկար տարիներ Մաքսային միությունում և Հայաստանում քննարկվում էր՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է անդամակցել միությանը, միակ խոչընդոտը համարվում էր ընդհանուր սահմանների բացակայությունը, բայց երկարատև ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանը պարտադիր չէ։ Ժամանակակից աշխարհը, որտեղ տնտեսության հիմնական հենքը նոր տեխնոլոգիաներն են, թույլ է տալիս արդյունավետ կերպով ինտեգրվել անգամ սահմանների բացակայության դեպքում», - հայտարարեց Վալովայան:

Համաժողովի ընթացքում Տիգրան Սարգսյանը նաև բացահայտեց, թե որն է Մաքսային միությանը Հայաստանի արագորեն ինտեգրվելու գաղտնիքը․ - «Հայաստանը արագ է գնում առաջ, որովհետև այդ կարողությունները Հայաստանի Հանրապետությունում առկա են: Դա է գաղտնիքը մեր հաջողությունների՝ ինտեգրացման այս ճանապարհին, և մենք ուրախ ենք, որ արժանացել ենք բարձր գնահատականի մեր գործընկերների կողմից»:

Նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» հաստատման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե ստորագրում է փաստաթուղթը հատուկ կարծիքով, քանի որ բացատրություններ է պահանջում Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի հետ կապված։ Այսօր «Ազատության» հարցին, թե որոշվե՞լ է արդյոք՝ ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը Մաքսային միության կազմում, Տատյանա Վալովայան պատասխանեց՝ իրենք նման հարց ընդհանրապես չեն քննարկում: «Մեր կառույցները տնտեսական են, և այդ կառույցների շրջանակներում մենք բացարձակապես չենք քննարկում այս կամ այն տարածքի պատկանելիության հարցը», - ընդգծեց նա:

«Ազատության» ուղիղ հարցին՝ արդյոք Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը նո՞ւյնպես հայտնվելու է Մաքսային միության տնտեսական գոտում, Վալովայան արձագանքեց, որ այդ հարցին չի ցանկանում պատասխանել, փոխարենը պատրաստ է խոսել Ղրիմից։
XS
SM
MD
LG