Մատչելիության հղումներ

Քեսաբը՝ Վաշինգտոնի և Մոսկվայի ուշադրության կենտրոնում


Սիրիա - Հայաբնակ Քեսաբը գրոհայինների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․

Սիրիա - Հայաբնակ Քեսաբը գրոհայինների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է քեսաբահայերի վիճակով, Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ գրոհայինների հանցագործությունները:

Մինչ Ղրիմի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների բախումն արդեն վերածվել է գրեթե բացահայտ առճակատման, Սիրիայի Քեսաբ բնակավայրի և վերջին օրերին քեսաբահայությանը պատուհասած դժբախտությունների առնչությամբ հայտարարություններ են արել ինչպես պաշտոնական Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան:

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող պատերազմական գործողություններով և բռնություններով, ինչը վտանգում է Քեսաբի հայ համայնքը՝ դրա բազմաթիվ անդամների հարկադրելով տեղահան լինել իրենց տներից», - ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը՝ շարունակելով․ - «Այնտեղ բավական մեծ թվով անմեղ քաղաքացիներ կան, որոնք տառապում են պատերազմի պատճառով: Այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձինք և նրանց սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն: Ինչպես բազմիցս հայտարարել ենք սիրիական հակամարտության ողջ ընթացքում, մենք ցավում ենք Սիրիայի քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին պատուհասած շարունակական սպառնալիքների համար»:

«Ինչպես հավանաբար արդեն տեղյակ եք, այս հարցն իրենց հանդիպման ընթացքում քննարկել են նաև նախագահ Օբաման և Հռոմի Ֆրանցիսկոս պապ֊ը, այլ հարցերի թվում անդրադառնալով նաև Սիրիայի փոքրամասնությունների՝ հատկապես քրիստոնյաների ծանր դրությանը», - ասել է Հարֆը:

Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցրել է գրոհայինների տարածած մի շարք հաղորդագրությունների մասին, որոնցում վերջիններս հավաստիացնում են, թե Սիրիայի քաղաքացիական անձինք, փոքրամասնություններն ու նրանց սրբավայրերն իրենց համար թիրախ չեն հանդիսանում:

«Մենք ակնկալում ենք, որ այդ խոստումները կպահպանվեն: Իսկ Միացյալ Նահանգներն էլ կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ծավալվող բռնություններից տուժածներին, այդ թվում հայերին: Մենք վաղուց տագնապած ենք դաժան ծայրահեղականներից բխող վտանգից, և հայ բնակչության առջև ծառացած վերջին սպառնալիքները միայն ընդգծում են մեր մտահոգությունը», - ասել է Մարի Հարֆը:

Պետդեպարտամենտի խոսնակի այս հայտարարությունից հետո մի քանի ուշագրավ հարցեր են հնչել:

«Թուրքիայից ստացվող հաղորդումների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ծրագրել էր Սիրիայում սադրանք իրականացնել, որպեսզի Թուրքիան Սիրիա ներխուժելու պատրվակ ունենա: Ինչպե՞ս կմեկնաբանեիք սա», - այս հարցին Պետդեպարտամենտի խոսնակը արձագանքել է․ - «Դուք նկատի ունեք ենթադրյալ հեռախոսազրո՞ւյցը», և դրական պատասխան ստանալով՝ նշել․ - «Ինչպես երեկ ասացի, ես թուրք պաշտոնյաների ենթադրյալ խոսակցությունների մասին ասելու բան չունեմ»: «Բայց [Թուրքիայի արտգործնախարար] պարոն [Ահմեթ] Դավութօղլուն ասել էր, որ տեսաերիզն իրական է», - այս հարցադրմանն էլ Մարի Հարֆը արձագանքել է․ - «Դարձյալ նշեմ՝ ես այնտեղի մեղադրանքները չեմ մեկնաբանում»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, ուրբաթ օրը տարածած հայտարարությունում մտահոգություն հայտնելով Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա հրետանու և ծանր զինտեխնիկայի օժանդակությամբ իրականացված հարձակման կապակցությամբ և վճռականորեն դատապարտելով ահաբեկչություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ այլ հանցագործությունները, հստակորեն նշում է, որ տանկերը գործի են դրվել հենց Թուրքիայի տարածքից:

«Ծայրահեղականների կողմից Քեսաբի գրավումը և խաղաղ բնակիչների տեղահանումն արդեն իսկ դատապարտել է ողջ աշխարհի հայ հանրությունը, Երևանում տեղի են ունեցել ցույցեր ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև՝ Սիրիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները դադարեցնելուն միտված գործողությունների պահանջով: Միաժամանակ, Հայաստանի ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել սիրիական իշխանություններին՝ հայ բնակչությանը պաշտպանելու համար», - արձանագրում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունն ու ամփոփում․ - «Տպավորություն է ստեղծվում, որ ծայրահեղականների գործողություններն ուղղված են միջսիրիական բանակցությունների վերսկսումը թույլ չտալուն և Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացը խափանելուն: Այդպիսի սցենարն անթույլատրելի է»:

Վերադառնալով քեսաբահայերի տեղահանության կապակցությամբ Միացյալ Նահանգներից հնչող արձագանքներին՝ նշենք, որ հայկական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները և կրոնական առաջնորդները, հանդիպումներ են ունեցել Պետդապարտամենտում՝ հորդորելով միջոցներ ձեռք առնել քեսաբահայությանը պաշտպանելու համար և նշելով, որ Միացյալ Նահանգները եզակի պատասխանատվություն է կրում այս հարցում:

Պետդեպարտամենտին և նախագահ Բարաք Օբամային համանման բովանդակությամբ նամակներ են ուղղել նաև մի շարք հայտնի հայամետ սենատորներ և կոնգրեսականներ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG