Մատչելիության հղումներ

logo-print
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիայում, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:

Ահա մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել իր միլիոնավոր քրիստոնյա հպատակների (հայեր, ասորիներ և հույներ) դեմ, բռնագրավել նրանց ունեցվածքը, զավթել նրանց հողերը, ավերել հազարավոր եկեղեցիներ, գերեզմանատներ ու մշակութային հուշարձաններ, և դեռ հանդգնում է զգուշացնել սիրիացիներին` նախքան հնագույն օսմանյան մի գերեզմանի որևէ վնաս հասցնելը:

Չնայած յուրաքանչյուր մարդու գերեզմանն արժանի է պաշտպանության և հարգալից վերաբերմունքի, սակայն Դավութօղլուի սպառնալիքն անհիմն արդարացում է Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար: Ճակատագրի հեգնանքով, Սուլեյման շահի գերեզմանը գտնվում է մի տարածքում, որը վերահսկվում է ոչ թե սիրիական կառավարության, այլ «Ալ-Քաիդայի» ջիհադիստների և այլ ապստամբ խմբերի կողմից, որոնց օգնում և զինում է Թուրքիան` Բաշար Ալ-Ասադի վարչակարգը տապալելու համար: «Ալ-Քաիդայի» զինյալները, որոնք բախման մեջ են հակակառավարական այլ խմբավորումների հետ օսմանյան դամբարանի տարածքում, նրանք են, որոնք ոչնչացնում են գերեզմանները, քանի որ արմատական իսլամիստները գտնում են, որ շիրիմների պաշտամունքը կռապաշտություն է:

Թուրքիան համարում է, որ Սիրիայում գտնվող հողատարածքը, որտեղ Սուլեյման շահի դամբարանն է, ինքնիշխան թուրքական տարածք է, համաձայն 1921 թվականի Անկարայի պայմանագրի` ստորագրված Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, որն այդ ժամանակ գրավել էր Սիրիան: Ըստ սույն պայմանագրի` Թուրքիան իրավունք ուներ այդ վայրում պահակախումբ տեղակայել և բարձրացնել իր դրոշը: 1921 թվականից սկսյալ, երկու տասնյակ թուրք զինվորականներ շուրջօրյա հսկում են դամբարանը:

Անկարայի պայմանագրի 9-րդ հոդվածով Թուրքիային է հատկացվել 8000 քառ. մ մակերեսով սիրիական տարածք` թուրք-սիրիական սահմանից 80 կմ դեպի հարավ: Երբ 1974 թվականին գերեզմանի շրջակա տարածքը ողողվեց նորակառույց Ասադ լճի ջրերով, գերեզմանը տեղափոխվեց Թուրքիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ վայր: Չնայած Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին` Թուրքիան շարունակում էր իր զինվորների զորախումբը պահել գերեզմանի մոտ:

Թուրքիային այս հինավուրց վայրի նկատմամբ տարածքային իրավունքներ տալու փոխարեն Ֆրանսիան ձեռք բերեց մի շարք տնտեսական զիջումներ, այդ թվում` իրավունք, որով ֆրանսիական ընկերությունները կարողանան տնօրինել երկաթուղային երթևեկությունը թուրքական տարածքում և շահագործել երկաթի, քրոմի ու արծաթի հանքավայրերն առաջիկա 99 տարիների ընթացքում: Այս վիճելի փոխզիջումը չի կարող օրինական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ գաղութարար պետությունը փոխանակում է մեկ ուրիշի տարածքը:

1921 թվականի պայմանագրով նաև սահմանվել էր «հատուկ վարչական ռեժիմ» Ալեքսանդրետի շրջանում ապրող թուրքերի համար, որը ֆրանսիական մանդատի տակ գտնվող սիրիական տարածք էր: 1939 թվականին, Ալեքսանդրետն ամբողջությամբ անջատվեց Սիրիայից և պաշտոնապես կցվեց Թուրքիային` որպես Հաթայի գավառ: 1946 թվականին Ֆրանսիայից իր անկախությունը ձեռք բերելուց հետո Սիրիայի կառավարությունը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որտեղ գտնվում է Սուլեյման շահի դամբարանը, սակայն երբեք չընդունեց Ալեքսանդրետի հանձնումը Թուրքիային:

Արտգործնախարար Դավութօղլուն անցյալ ուրբաթ Վան քաղաքում կայացած մամուլի ասուլիսում զգուշացրեց, որ ցանկացած հարձակում Սիրիայում գտնվող օսմանյան ժամանակաշրջանի գերեզմանի վրա «[սիրիական] վարչակազմի, արմատական խմբերի կամ որևէ այլ մեկի կողմից, կարժանանա Թուրքիայի հակահարձակմանը: Իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար Թուրքիան առանց վարանելու կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները.... Ներկայումս որևէ վտանգ չկա մեր տարածքների [գերեզմանը Սիրիայում] և զինվորների վրա հարձակվելու, սակայն մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ սպառնալիքի առկայության դեպքում: Թուրքական հասարակությունը կասկածի նշույլ անգամ չպետք է ունենա այս առումով»: Մինչդեռ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, գլխավոր շտաբի և ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնյաները մարտի 13-ին հանդիպել են, որպեսզի քննարկեն Շահի գերեզմանի անվտանգության հարցը: Չնայած Դավութօղլուն չի հստակեցրել, թե Թուրքիան ինչ միջոցներ կձեռնարկի, սակայն թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ այն կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել իրենց պաշտամունքի վայրը հսկելու համար:

Իմ կարծիքով, Դավութօղլուի սպառնալիքը պարզապես Սիրիայի դեմ սուր ճոճելու մի փորձ է` շեղելու թուրք հասարակության ուշադրությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային և հավանական հանցավոր վարքագծից, Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG