Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ականները խոսում են ռադիկալ քայլերի մասին


Գագիկ Ծառուկյանը իր կառուցած եկեղեցու բացմանը, Աբովյան, 14-ը մայիսի, 2013

Գագիկ Ծառուկյանը իր կառուցած եկեղեցու բացմանը, Աբովյան, 14-ը մայիսի, 2013

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» զգուշացնում է՝ եթե իշխող մեծամասնությունը ապրիլի 28-ին չգնա փոփոխությունների, ապա իրենք ստիպված կդիմեն ռադիկալ քայլերի՝ փողոց հանելով հարյուր հազարավոր քաղաքացիների:

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ հայտարարեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանն ու Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ապրիլի 28-ին իշխող Հանրապետականը խորհրդարանում ձախողի կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը:

«Հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է կազմակերպել հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը Երևանի փողոցներում, հրապարակներում՝ որոշող շենքերի դիմաց։ Արդեն ակնհայտ է դառնում այդ ժամանակ, որ իշխանափոխության փուլային տարբերակին գալիս է փոխարինելու ամբողջական փաթեթային տարբերակը»,- ասաց Բաբայանը։

ԲՀԿ-ական պատգամավորը ընդգծեց, որ իրենք բարձրացնում են ամբողջ կառավարության հրաժարականի հարցը, ինչը նշանակում է, որ իրենց համար անընդունելի է հանրապետական վարչապետ Տիգրան Սարգսյանին մեկ այլ հանրապետականով փոխարինելու քայլը: Ինչպես Վահան Բաբայանը հայտարարեց, «Բարգավաճ Հայաստանը» ցանկանում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչը զգուշացրեց՝ առայժմ անցնցում, խաղաղ փոփոխությունների հնարավորություն կա, և իշխանությունը պետք է հետևություններ անի:

«Այդ հետությունները անելու շնորհիվ իրենք կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»,- ասաց Բաբայանը։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյան էլ ընդգծեց, որ ապրիլի 28-ին վճռվելու է, թե ինչ իրավիճակ կլինի երկրում, այդ օրը դրվելու է երկրում արմատական փոփոխությունների սկիզբը: Այդ փոփոխությունները կամ կլինեն սահուն, կամ, ըստ Մարգարյանի, «երկիրը կգնա բարդ և քաոսային իրադարձություններով լեցուն ճանապարհով և ավելի ռադիկալ պահանջներով»։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեգնանքով արձագանքեց ԲՀԿ-ի՝ ռադիկալ քայլերի գնալու և հարյուր հազարներ փողոց դուրս բերելու զգուշացումներին։

«Ուզում եմ հիշել՝ «Տժվժիկը» ով է գրել, լա՛վ ստեղծագործություն է»,- ասաց Սահակյանը.- «Երևի ռադիկալ բառի իմաստը լավ չեն հասկացել»։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն հասկացնում է, որ ՀՀԿ-ի օրերը հաշված են՝ Սահակյանը արձագանքեց, հաշվել չգիտեն։

Սահակյանը, ի պատասխան իրենց ուղղված զգուշացումներին, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժին կարևոր մի բան հիշեցրեց՝ այն, թե ովքեր են այս պահին ԲՀԿ-ում:

«Էնտեղ մարդիկ կան, գոնե մի տասը տոկոսը, որ իմ ղեկավարած խմբակցության անդամներն են։ Դա թող չմոռանան։ Հիմա մոդա է դարձել՝ ով որտեղ ուզում է, երբ ուզում է, ինչ-որ քաղաքական կամ անձնական շահերով էստեղից էնտեղ է ցատկոտում»,- ասաց նա։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG