Մատչելիության հղումներ

logo-print

Մյուս խմբակցությունները կարծում են՝ Հայաստանը ճիշտ է վարվել՝ դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևին։

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» միակն էր, որն այսօր քննադատեց ՄԱԿ-ում Հայաստանի դիրքորշումը:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ՝ Հայաստանը ուղղակի վնաս հասցրեց իր միջազգային վարկին:

Հիշեցնենք, երեկ Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին՝ Բելառուսի, Վենեսուելայի, Սուդանի, Հյուսիսային Կորեայի և Զիմբաբվեն հետ հայտնվելով նույն ցուցակում։

«Բնականաբար, մենք դեմ քվեարկելով առանձնապես օգուտ չենք տվել Ռուսաստանին, բայց վստահ եմ՝ վնասել ենք մեր միջազգային վարկին։ Միակ բացատրությունը եղել է մեր ներկայացուցչի հայտարարությունը, որ բանաձևերով հարցեր չեն լուծվում։ Պարզ չէ, թե ինչով են լուծվում այդ դեպքում»,- ասաց Մարգարյանը։

ԲՀԿ-ի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ղրիմի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձին: Այդ կերպ նա ոչ թե դեմ կլիներ Ռուսաստանին, այլ կհամալրեր այն երկրների շարքը, որոնք խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից են:

«Չեզոքությունը ընդգծելով՝ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չէր որդեգրում, և վստահ ենք, Ռուսաստանին այդպես անհրաժեշտ չէր, որ Հայաստանը դեմ քվեարկեր։ Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարվել էր նախկինում, բայց եղավ այն, ինչ լինում է վերջին շրջանում մշտապես... հայտարարվում է մի բան, հետո փոխվում է ճիշտ հակառակով։ Անկանխատեսելի լինելը կոմպլեքսավորում է Հայաստանին և շատ կոպիտ ձևով է ցույց տալիս իր հավատարմությունը այս կամ այն համագործակցությանը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նշենք, որ ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր տարածած հաղորդագրության մեջ քննադատել է Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ում ընդունված բանաձևի շուրջ՝ պնդելով, որ ճիշտը ձեռնպահ քվեարկելն էր:

«Հայաստանը պետք է կանխատեսեր, որ կարող է հայտնվել մի ցուցակում, որում հիմնականում ավտորիտար և միջազգայնորեն մեկուսացած երկրներ են»,- համոզմունք է հայտնել Օսկանյանը:

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ ՄԱԿ-ում Հայաստանի դիրքորոշումը բխում էր Հայաստանի շահերից:

«Իմ անձնական կարծիքն է, որ պետությունը առաջնորդվել է պետության շահերով։ Գիտեմ, որ կարող եք զարմանալ»,- հայտարարեց նա։

Ռուբեն Հակոբյանին հարցրեցին, թե ո՞րն է այդ շահը, արդյոք Հայաստանը, դեմ քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, հույս ունի, որն Ռուսաստանը կամ դեմ քվեարկած Զիմբաբվեն և Նիկարագուան կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը.- «Դուք նկատի ունեք՝ ինչո՞ւ ոչ Եվրոպա, Ամերիկա, այլ Զիմբաբվե, Բուրկինա Ֆասո և այլն... Այս բոլոր պետությունները, որոնք այսօր շատ իրավացիորեն հարց են բարձրացրել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված, աչք են փակում, թե ինչ է կատարվում Արցախի հետ»,- պատասխանեց նա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նույնպես ՄԱԿ-ում ընդունված բանաձևի շուրջ Հայաստանի դիրքորոշումը սխալ չհամարեց։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսպես ձևակերպեց իրենց գնահատականը՝ «չարիքի փոքրագույնը այդ տարբերակն էր»։

Հայ հեղափոխական դաշնակցությունը նույնպես ճիշտ է համարում Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին դեմ քվեարկելու Հայաստանի որոշումը: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզմամբ՝ Հայաստանը չէր կարող դեմ արտահայտվել Ղրիմում տեղի ունեցած ժողովրդի կամքի արտահայտությանը: Դաշնակցական պատգամավորի փոխանցմամբ՝ բոլոր կառույցները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է հասկանան՝ ժողովրդի կամքին հակառակ որևէ որոշում կայացնել չի կարելի:

Ռուստամյանը համոզված է՝ Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող ՄԱԿ-ի անդամ 100 երկրները ժամանակի ընթացքում իրենց տեսակետը փոխելու են, ինչպես դա տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այնպես որ Հայաստանը ճիշտ է արել, որ դեմ է քվեարկել Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին:

Ռուստամյանին հարցրեցին, թե ի՞նչ է շահում Հայաստանը Զիմբաբվեի և Նիկարագուայի հետ նույն խմբում հայտնվելով։

«Երկու հարց կա, որ անհերքելի է։ Մեկը ազատ կամքի դրսևորումը, ինքնորոշման իրավունքի իրացումը, որը մենք չենք կարող ասել՝ սխալ սկզբունք է, մարդու իրավունքներից էլ վեր սկզբունք է։ Երկրորդը՝ ո՞ւմ համար պարզ չէ, որ այս բոլոր կոնֆլիկտները Խորհրդային Միության ժառանգություն են։ Այո, այդ իմաստով էլ նմանություն կա Ղարաբաղի և Ղրիմի միջև։ Մի դեպքում Ստալինի որոշմամբ է նվիրվել Ադրբեջանին, մյուս դեպքում՝ Խրուշչովի»,- ասաց դաշնակցական գործիչը։

Խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ, անդրադառնալով ՄԱԿ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությանը, ընդգծեց, թե Հայաստանը ընդամենը պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքը։

Գալուստ Սահակյանին հարցրեցին, թե գո՞ւցե Ռուսաստանի ճնշումներն են ազդեցություն ունեցել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նախ հայտարարեց, թե ձեռնպահ է քվեարկելու, հետո մեկ օրում փոխեց դիրքորոշումը:

«Ոչ, ձեռնպահ քվեարկելը նշանակում էր մեզ համար քննարկելի խնդիր է մնում։ Ազգերի ինքնորոշման իրավունքը ամենաբարձր իրավունքն է, և կարծում եմ՝ սա հասկանում են նաև գերտերությունները»,- ասաց Սահակյանը։
XS
SM
MD
LG