Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք»


Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության

Ռուսաստանի հետ գազային պայմանագրին և Հայաստանում գազի գնի ձևավորմանն է անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Իհարկե, շատ լավ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լավ որոշում ունենալը գործի կեսն է միայն: Մենք պետք է կարողանանք ընդունված այդ որոշման մասին գրագետ և ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարևորությունը: Եթե մենք այսքանը չենք ապահովում, ապա բարդությունների առաջ ենք կանգնում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Բերեմ կոնկրետ մեկ օրինակ. տեսեք՝ այսօր գազի գինը բոլորիս՝ ինձ էլ, մեր բոլոր քաղաքացիներին էլ, մտահոգում է, չէ՞: Եվ այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ-որ նախկինում էր», - նշել է նախագահը: - «Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաև արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը և գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին: Արդեն ունենք այդպիսի օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաև Մաքսային միության այլ երկրներ»:

«Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաև երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարության աշխատանքն է նաև: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան», - ասել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք և այլն, վաղը, մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել»:

«Այնպես եմ հասկանում, որ այստեղ նստած յուրաքանչյուրն ինձնից շատ լավ գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում, և նույնքան լավ գիտի, թե դեկտեմբերի 30, 31, 1-ին ի՞նչ քանակությամբ գազ և էլեկտրաէներգիա ենք օգտագործում, որը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերի միջին ծախսը: Բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել», - ընդգծել է նախագահը:

«Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG