Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի պարտքերը «կներառվեն վերագործարկման ծրագրի մեջ»


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը մարելու համար վերցվող վարկերը հարկատուների ուսին չեն ծանրանա:

Նախարարը օրեր առաջ ասել էր, թե գործարանի՝ տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարտքերը մարելու համար կառավարությունը վարկ է վերցնում՝ առանց մանրամասնելու՝ որտեղից և ինչ պայմաններով։

«Այդ վարկերը բյուջեի հետ ոչ մի կապ չեն ունենալու, գործարանի վերագործարկման ծրագրի մեջ են ներառվելու»,- ասաց Մովսիսյանը։

Հարցին, թե ե՞րբ է վերագործարկվելու «Նաիրիտ»-ը, նախարարը պատասխանեց.- «Հենց ճանապարհային քարտեզը պարզ լինի, կասենք»։

Այսօր «Նաիրիտ»-ն աշխատակիցներին պարտք է ավելի քան մեկ տարվա աշխատավարձ, որը կազմում է շուրջ 14 միլիոն դոլար: Նկատենք, որ դա ընդամենը աշխատավարձերի մասով պարտքն է։ Գործարանը կուտակել է նաև սպառած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձավճարների ու այլ պարտքեր:

Հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշմամբ «Նաիրիտ»-ի սեփականատեր, գործարանի 90 տոկոսի բաժնետեր Rhinoville Property Limited օֆշորային ընկերությունը պարտավորված է ԱՊՀ Միջպետական բանկին վճարել 107 միլիոն ԱՄՆ դոլար՝ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց: Այնուհետև, այս ամսին նույն դատարանը վճռեց, որ հօգուտ Միջպետական բանկի «Նաիրիտ»-ից պետք է բռնագանձվի ավելի քան 25 միլիոն դոլար:

2005-2007 թվականներին «Նաիրիտ»-ը ղեկավարած, գործարարնի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հիշեցնում է, որ եթե «Նաիրիտ»-ի 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը ժամանակին կատարեր ներդրումային պարտավորությունները, գործարանն այսօր նման վիճակում չէր հայտնվի: Այդ հարցում, ըստ նախկին տնօրենի, իր մեղքի բաժինն ունի նաև կառավարությունը։

«Եթե կառավարությունը այդ տասը տոկոսի հսկողությունը կարողանար ժամանակին և ճիշտ կատարել, ոչ թե վստահել «Նաիրիտ»-ի ղեկավարությանը, կարելի էր դեմն առնել։ 2009 թվականի հունվարի 1-ին արդեն «Նաիրիտ» գործարանի բաժնետեր Rhinoville-ը արդեն պետք է կատարեր շուրջ 60 միլիոն դոլարի ներդրում։ Չկատարեց։ Կառավարությունը այդ մասին տեղյակ էր, կարող էր շատ հանգիստ՝ պայմանագրի համաձայն, բաժնեմասը Rhinoville-ի ձեռքից վերցներ»,- ասաց Իսրայելյանը։

Չորս տարի պարապուրդի մատնված քիմիական երբեմնի հսկայի վերագործարկման հիմնական հույսը այս պահին կապվում է «Ռոսնեֆտ» ընկերության հետ:

«Բանակցությունները շարունակվում են, հիմա տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները ավարտին են մոտենում»,- տեղեկացրեց էներգետիկայի նախարարը։

Ի դեպ, ընկերությունը անցած տարի ամռանը պատվիրել էր անգլիական Jacobs Consultancy ընկերությանը «Նաիրիտ»-ում տեխնիկական աուդիտ անցկացնել՝ պարզելու, հնարավոր է գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկ արտադրել: Նախարար Մովսիսյանը տեղեկացրեց, որ աուդիտի արդյունքում տեխնոլոգիայի վերաբերյալ դրական եզրակացություն է տրվել:
XS
SM
MD
LG