Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը արձագանքեց «Հարսնաքար»-ի գործով դատի ժամանակ տեղի ունեցածին


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:

«Օրերս Կարեն Անդրեասյանին էր դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ և դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից և սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս, Լյուքս Ստեփանյանի մահվան վերաբերյալ գործին մասնակցող փաստաբանի հետ ևս տեղի է ունեցել նմանատիպ միջադեպ», - ասված է այսօր օմբուդսմենի հրապարակած հայտարարությունում:

Անդրեասյանը շեշտում է, որ «դատական նիստերի դահլիճում մարդկանց հրապարակայնորեն վիրավորելն ու սպառնալն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ, ինչի համար նախատեսված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»:

«Դատական նիստերին լրագրողների, փաստաբանների և այլ անձանց մասնակցությունը մրցակցային դատավարության, գործերի քննության հրապարակայնության կարևորագույն սկզբունքների տարրն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և ակնկալում է թե՛ ոստիկանության և թե՛ դատական կարգադրիչների ծառայության առավելագույն զգոնությունն ու պատրաստակամությունը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG