Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբանը չի բացառում նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների մեղադրանքի խստացումը


Չնայած շրջանառվող տեղեկություններին՝ Շանթ Հարությունյանի եւ նրա կալանավորված ընկերների փաստաբանները չեն հավատում, որ իշխանությունները մտադիր են վերաձևակերպել մեղադրանքները՝ ընտրելով առավել մեղմ պատիժ նախատեսող հոդվածներ:

Ավելին, այս գործով անցնող Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը կանխատեսեց, թե ճիշտ հակառակը՝ մեղադրանքները կարող են կոշտացվել․- «Շատ հնարավոր է, որ առաջիկա մի քանի օրերին քննչական իրավիճակը կտրուկ փոխվի այն իմաստով, որ այսպես կոչված մեղադրյալների նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվի Քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որոնք իրենց դիսպոզիցիայի կառուցվածքով լինեն իրավաբանորեն ավելի անորոշ․․․ Եվ դա կարվի մի նպատակով, իհարկե․ որպեսզի հանկարծ այս խմբից որևէ մեկը արդարացման հիմքով ազատության մեջ չհայտնվի»:

Նախաքննական փուլի ավարտին փաստաբանները շեշտում են, որ ողջ գործընթացը չի եղել օբյեկտիվ, բազմակողմանի, այլ՝ ընդամենը ձեւական:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը ևս վատատետս է, թե կարող է մեղադրանքը մեղմացվել․ - «Նախորդ շաբաթ ինձ քննիչը զանգահարեց և հայտնեց, որ ուրբաթ օրը նախատեսվում է քննչական գործողություն Շանթ Հարությունյանի հետ: Սակայն, երբ ուրբաթ օրը գնացի մեկուսարան, պարզվեց, որ իրենք հետաձգում են այդ գործողությունը: Միևնույն ժամանակ չնշեցին, թե կոնկրետ ինչ գործողության մասին է խոսքը: Նշեցին, որ հավանաբար դա կարող է լինել նախաքննության ավարտի մասին: Փոփոխության վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն վարույթն իրականացնողը չի հայտնում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Շանթն ու ընկերները առաջիկայում դեռ ճաղերի հետևում կմնան․ - «Իշխանությունը ունի լուծելու մեկ խնդիր: Այն խնդիրը, որի վերաբերյալ քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացրել է Շանթ Հարությունյանը: Հնարավորին չափով վերացնել, կասեցնել բոլոր այն խոչընդոտները, որոնք կվերաբերվեն Մաքսային միությանն անդամագրման վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշման իրականացմանը: Կունենանք իրական քաղաքական դատավարություն»:

Միսակ Առաքելյանի փաստաբանը հիշեցնում է, որ նախաքննական մարմինը որևէ փորձաքննության արդյունք չի ներկայացրել․ արդյո՞ք պայթուցիկներից են վնասվածք ստացել իրավապահները, կամ ի՞նչ նյութեր են պայթել Մաշտոցի պողոտայում․ - «Հինգ ամիս է, մեզ չի հաջողվում ամեն անգամ կալանքի երկարացման հարցը դատարանում քննելիս նախաքննության մարմնից ստանալ գեթ մեկ ապացույց,որ Միսակ Առաքելյանն օգտագործել է պայթուցիկ սարքեր»:
Փաստաբանները մտադիր են դատավարության մեկնարկին դարձյալ բարձրացնել 14 կալանավորվածների խափանման միջոցի հարցը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց:
XS
SM
MD
LG