Մատչելիության հղումներ

logo-print
Հրապարակախոս, «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքն այսօր մերժեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Կիվիրյանը, դիմելով դատարան, խնդրել էր վերացնել Հատուկ քննչական ծառայության քննիչ Լևոն Մելքոնյանի և նրա վերադաս դատախազի որոշումները, համաձայն որոնց քրեական գործ չի հարուցվել 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների կապակցությամբ: Կիվիրյանը պնդել էր, որ այդ օրը ոստիկաններն են իր դեմ բռնություն գործադրել, պատճառել են մարմնական վնասվածքներ, նա տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՔԾ քննիչ Լևոն Մելքոնյանն, այսօր առարկություններ ներկայացնելով Արգիշտի Կիվիրյանի բողոքի դեմ, նշեց, թե նոյեմբերի 6-ին Կիվիրյանի հաղորդման հիմքով քրեական գործ չի հարուցվել՝ չհաստատված համարելով Կիվիրյանի պնդումները:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց քննիչի պնդմանը, ըստ որի՝ Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց առաջ պետք չէր պարզել տվյալ իրավիճակում ոստիկանների գործողությունների իրավաչափությունը: Երվանդ Վարոսյանը «անհեթեթություն» որակեց քննիչի նման դիրքորոշումը:

Քննիչ Լևոն Մելքոնյանը հայտարարեց, թե ոստիկանների ապօրինությունների մասին պնդումները չեն հիմնավորվել, իսկ ահա Արգիշտի Կիվիրյանը թույլ է տվել «հանրորեն վտանգավոր արարք»:

«Նախ օրենսգրքով որպես պայման չի նախատեսված իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի գործողության օրինական կամ ոչ օրինական լինելու հանգամանքը: Ընդամենը անթույլատրելի է համարվում վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու արարքը, ինչը կապված է վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ», - հակադարձեց Վարոսյանը։

Կիվիրյանի փաստաբանը մեկ այլ օրինակ վկայակոչեց․- «Հիմա որ ոստիկանը էս վերջերս մարդ էր բռնաբարել, հիմա էդ մարդը ի՞նչ անի՝ չդիմադրի՞, ասի՝ ես հետո կգնամ կբողոքարկեմ քո գործողությունները: Ո՞նց կարող է ոստիկանի գործողությունների օրինականության հարցը գնահատման առարկա չլինել: Նոնսենս է․ առաջին անգամ եմ լսում»:

Փաստաբանը հեգնեց, թե քննիչը ոստիկանների գործողությունները քրեորեն պատժելի համարելու մասին հրահանգ չի ստացել, ստացել է միայն Կիվիրյանին պատասխանատվության ենթարկելու հրահանգ: Բացի այդ, փաստաբանը նաև հարցադրում հասցեագրեց քննիչին, թե ոստիկան Վահան Վրթանեսյանը, ով Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող է, ծառայողական պարտականություններ էր կատարո՞ւմ, երբ քաղաքացուն ասում էր՝ «կեղտ, տականք»:

Ի դեպ, ոստիկանը, որը Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ թե դարձել է մեղադրյալ, այլ տուժող, ավելի վաղ Արաբկիրի դատարանում խոստովանել էր իր պահվածքը՝ հավելելով, թե «երևի ստոր» էլ է ասել: Ի դեպ Կիվիրյանը, նկատի ունենալով, որ քննիչը որևէ իրավական գնահատական չի տվել ոստիկանի հնչեցրած բառերին, փորձեց քննիչից պարզել, թե այդ դեպքում կարելի՞ է արդյոք այդ բառերը օգտագործել դիմացինի նկատմամբ և մնալ անպատիժ:

Այսօր Արգիշտի Կիվիրյանի փաստաբանը խոստացավ- «Մինչև վերջ հասնելու ենք նրան, որ «կեղտ ու տականք» ասածը պատասխան տա, պատասխան է տալու, որ մնացածներն էլ իմանան, որ ՀՀ քաղաքացուն իրենք չեն կարող անվանել կեղտ ու տականք, հետո գնալ քննիչի մոտ ինչ-որ բաներ գրել ու որոշում կայացնել քրեական հետապնդում չիրականացնելու մասին»։

Արգիշտի Կիվիրյանն այսօր հիշեցրեց, որ բացի ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործից, երեք գործով էլ ոստիկանությունն իր դեմ վարչական պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել.- «Իշխանությունը ակնհայտորեն իմ նկատմամբ ոստիկանության ձեռքերով իրականացնում է հետապնդում՝ կապված իմ հասարակական գործունեության հետ»:

Այսօրվա որոշումը Կիվիրյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
XS
SM
MD
LG