Մատչելիության հղումներ

Կոստանյանն «ադեկվատ» է համարում «Հարսնաքար»-ի գործով դատավճիռը


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը:

Գլխավոր դատախազից հետաքրքրվեցինք, արդյոք պատրաստվում են իրավական գնահատական տալ դատավճռի հրապարակման օրը դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ օրերս «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալներն ու նրանց հարազատները հայհոյանքներ,, սպառնալիքներ ու անեծքներ էին հասցեագրել տուժող կողմի փաստաբաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ամբաստանյալների հարազատները նաև ինչ-որ առարկաներ նետեցին նսիտը նախագահող դատավորի ու լրագրողների ուղղությամբ:

Ահա թե ինչ ասաց այս կապակցությամբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. - «Համապատասխանաբար դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն. արդյո՞ք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասին, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճռով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։

Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք քրեական դատավարության մասին նոր օրենսգրքով առաջարկվող նախաքննական ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը չի նպաստի նախաքննական մարմնի կողմից ճնշումների ավելացմանը: Նկատենք, որ եղել են դեպքեր, երբ մեղադրյալը դատարանում փոխել է իր ցուցմունքները` պատճառաբանելով, որ նախաքննության ընթացքում դրանք կորզվել են բռնության գործադրմամբ:

«Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտի ներդրումը կարող է որևէ մեկի մոտ, հատկապես մասնագիտությամբ իրավաբանի մոտ նման ընկալման մասին հիմք հանդիսանալ: Նման բան չկա», - պատասխանեց նա:

Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերից Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրված Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը, որի դրույթներից մեկը՝ մասնավորապես նախաքննության ընթացքում դատավորի ներկայությամբ մեղադրյալի խոստովանական ցուցմունքների արձանագրումը, կամ ինչպես ընդունված է ասել՝ դեպոնացումը անընդունելի է փաստաբանների համար:

«Ինչի՞ համար է սա արվում, եթե մեղադրյալն այսպես թե այնպես դատարանում մասնակցելու է իր գործի քննությանը, ցուցմունք տալու հնարավորություն ունենալու է: Մենք կարծում ենք, որ այստեղ լուրջ վտանգ է թաքնված», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա մտահոգություն հայտնեց, թե նախաքննության առաջին փուլում մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման պարագայում քննությունն արդեն իսկ ավարտվելու է․ - «Քննչական մարմինը ունենալու է արդեն երկաթբետոնյա ապացույց՝ ի դեմս մեղադրյալի խոստովանական ցուցմունքի, որը տրվել է դատարանում դատավորի ներկայությամբ, և այլևս ապացույց հավաքելու ուղղությամբ ջանք չի գործադրելու»:

Նրա համոզմամբ՝ քանի դեռ մեղադրյալը գտնվում է նախաքննության սկզբնական փուլում և դեռ ընտրված չէ նրա խափանման միջոցը, վերջնական որակում տրված չէ անձի արարքին, ապա այդ անձը շատ խոցելի է․ - «Հազար բան խոստանալով՝ մարդուց կարելի է ստանալ ցանկացած ինքնազրպարտություն»:
XS
SM
MD
LG