Մատչելիության հղումներ

ՀԷԿ-ի գործարկման դեպքում «ոռոգման համակարգը վնասներ չի կրի»


ՀԷԿ-ի կառուցման դեմ դուրս եկած գյուղացիները փակել են Վանաձոր Երևան մայրուղին, 19-ը մարտի, 2014
ՀԷԿ-ի կառուցման դեմ դուրս եկած գյուղացիները փակել են Վանաձոր Երևան մայրուղին, 19-ը մարտի, 2014
Տարածքային կառավարման փոխնախարարի գլխավորությամբ անցած շաբաթներին գործող կառավարական հանձնաժողովն ավարտել է իր ուսումնասիրությունները և ներկայացրել փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։

Հանձնաժողովը ձևավորվել էր Արագածոտնի Օհանավանի տարածքում ոռոգման համակարգի խնդիրներն ուսումնասիրելու համար։ Հիշեցնենք՝ անցած շաբաթներին Օհանավանի և հարակից գյուղերի բնակիչները բողոքի զանգվածային ակցիաներ էին իրականացրել՝ փակելով Վանաձոր-Երևան մայրուղին։

Գյուղացիները պնդում են, թե այնտեղ կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով կնվազեն ոռոգման ջրի ծավալները, արդյունքում իրենց այգիները կչորանան։

Կառավարական հանձնաժողովի նախագահ, փոխնախարար Արտաշես Բախշյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ այդ հատվածում էներգետիկ համակարգի գործարկման դեպքում ոռոգման համակարգը վնասներ չի կրի։

Բաշխյանը շեշտում է, որ կառավարության համար այս պարագայում առաջնայինը գյուղատնտեսությունն է, հետո միայն էներգետիկ ծրագիրը։
«Այո, էներգետիկ ծրագիրը չի կարող խաթարել գյուղատնտեսական ծրագիրը, գյուղատնտեսական ծրագիրը առաջնահերթ է»,- հավելեց նա։

Ըստ փոխնախարարի, իրենք տեսնում են մեխանիզմներ իրականացնելու այդ հատվածում էներգետիկ ծրագիր՝ գյուղատնտեսական ծրագրին առաջնահերթություն տալու պայմաններում։

«Կա ջրային ռեսուրս, որ էներգետիկ պոտենցիալ է պարունակում իր մեջ։ Ռիսկերը պետք է վերացվեն, որ դա չազդի գյուղատնտեսական ծրագրի վրա։ Այդ մեխանիզմները մենք տեսնում ենք ու կարծում ենք, կիրառելու դեպքում հնարավոր է էներգետիկ ծրագիր անել առանց վնասելու գյուղատնտեսական ծրագրին»,- ասաց փոխնախարար Բախշյանը։

Հանձաժողովի ուսումնասիրությունների համաձայն, Օհանավանի ու հարակից շրջանների ոռոգման ցանցի համար տարեկան պահանջվող ջրի պաշարները կազմում են 15 միլիոն խորանարդ մետր։ Անհրաժեշտության դեպքում այդ ծավալները ավելացվում են։ Մինչդեռ Ապարանի ջրամբարի պաշարները մի քանի անգամ ավելի են՝ առավելագույն տարողությունը հասնում է 90 միլիոն խորանարդ մետրի։ Ջրամբարից ջուր է բաց թողնվում ոռոգման համակարգի համար, ինչից հետո ջուրը հոսում է դեպի Արզնի-Շամիրամ ջրանցքը։ Հենց ջրանցքի վրա էլ ընթանում էր գյուղացիների զայրույթը հարուցած շինարարությունը։ Կախված ջրամբարի համապատասխան տարվա տարողությունից, ջրանցքին ուղղվող ջրի ծավալները տարբեր են, բայց, ինչպես շեշտում է Բախշյանը, դրանք ջրանցք են ուղղվում ոռոգման առավելագույն ծավալները գյուղացիներին հատկացնելուց հետո։

Նա նշում է, որ իրենց ուսումնասիրությունները այդ տարածքում փոքր ՀԷԿ կառուցելու համար պահանջվող փաստաթղթերից մեկն է, և որ իրենք չեն կարող հայտարարել, թե ի վերջո այդտեղ ՀԷԿ կկառուցվի, թե՝ ոչ։ Այս որոշումը պատկանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ուր ՀԷԿ կառուցելու մտադրություն ունեցող «ԳԱՀԱ էներջի» ընկերությունը դեռ չի դիմել։

Մինչև բողոքները, ընկերությունը ջրանցքն էր նորոգում, ինչից հետո արդեն պետք է զբաղվեր ՀԷԿ-ի կառուցման համար պահանջվող գործընթացներով։ Բարձրացված աղմուկից հետո ընկերությունը կասեցրել է շինարարությունը՝ մտադրություն ունենալով այս ծրագիրը քննարկել գյուղացիների հետ։

Մինչդեռ Օհանավանի գյուղացիները շարունակում են պնդել, որ ոռոգման ջրի խնդիր միշտ ունեցել են, և որ կառավարական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները հաստատում են այդ տարածքում ՀԷԿ կառուցելու մտադրությունը։
XS
SM
MD
LG