Մատչելիության հղումներ

Ղրիմի թանգարանային գանձերը «գերի» են մնացել Ամստերդամում


Ղրիմի թանգարաններից մեկը

Ղրիմի թանգարաններից մեկը

Ո՞ւմ վերադարձնել Ղրիմի ոսկին, այս հարցն են այժմ քննարկում Ամստերդամի Ալլարդ Պիերսոնի թանգարանում:

Թանգարանը փետրվարից հյուրընկալում է Ղրիմի հինգ թանգարանների հավաքածուները` «Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» խորագրով ցուցադրությունում, որը, ըստ հրապարակված ազդագրերի, ավարտվում է մայիսին, սակայն թե ում են վերադարձվելու մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ ցուցանմուշները, հայտնի չէ:

Դրանք դուրս են բերվել ուկրաինական Ղրիմից, հատուկ պայմանագրեր և երաշխավորագրեր են կնքվել ուկրաինական կառավարության հետ, սակայն այժմ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում է, և հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունենալու վերադարձը:

Երեկ Ամստերդամի թանգարանի ղեկավարությունը հայտնել է, որ այդ հարցին շատ զգուշորեն են մոտենում: Այժմ իրենք իրենց փաստաբանների և իրավաբանների հետ քննարկում են ցուցանմուշների վերադարձի հարցը, սակայն ամեն դեպքում մինչև ցուցադրության ավարտը դրանք կմնան Նիդերլանդներում:

Ալլարդ Պիրսոնի թանգարանի վերադասը համարվող Ամստերդամի համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Յաշա Լանգեն հայտարարել է, որ Ղրիմի հնագիտական ցուցանմուշների ցուցադրությունը երկարաձգվել է մինչև օգոստոս և մինչ այդ դրանք կմնան Հոլադիայում, դրանից հետո կվերադարձվեն օրինական տերերին․ թե ում համարել օրինական տեր այս բարդ իրավիճակում`,այս հարցը պարզելու համար Ամստերդամի թանգարանը խորհրդակցություններ է անցկացնում նաև Նիդերլանդների արտգործնախարարության հետ:

Ղրիմի գանձերով մտահոգված են նաև Մոսկվայում: Օրերս Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին ռուսական հեռուստալիքներին տված հարցազրույցում նշել է, որ Ղրիմի թանգարանների ցուցանմուշները կարող են ուկրաինական մաքսատանը պահել` հիմնավորելով, թե դա ուկրաինական հարստություն է:

«Դրանց համար երաշխիքները ստացել է Ուկրաինան, դրանք համարվել են ուկրաինական թանգարանային ֆոնդի մի մասը, և ահա շատ բարդ խնդիր է ծագում, իրավաբանորեն ամեն ինչ Ղրիմի թանգարանների դեմ է: Մյուս կողմից այդ գտածոները պատկանում են Ղրիմի թանգարաններին, և թե ինչպես պետք է իրենց ցուցանմուշները ետ ստանան, շատ բարդ հարց է, մենք բոլորս պետք է պայմանավորվենք»,- ասել է Պիատրովսկին:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային` Ղրիմից թանգարանային արժեքավոր նմուշները Էրմիտաժ տեղափոխելու մեջ: Այդ մասին իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի սոցիալական հարցերով փոխնախարար Ալեքսանդր Սիչը` մարտի 25-ին հրավիրած ասուլիսում:
XS
SM
MD
LG