Մատչելիության հղումներ

Հայաստանը չի քննարկում քեսաբահայերին տարհանելու հարցը


Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին Հայաստան տարհանելու հարց չի քննարկվում. այս մասին տեղեկացանք արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից:

Մարտի 21-ի առավոտյան զինյալների հարձակումների ու ռազմական գործողությունների թիրախ դարձած հայաբնակ Քեսաբից տարբեր հաշվարկներով 600-ից ավելի հայ ընտանիքներ են փախել և ապաստանել 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Լաթաքիայի հայկական եկեղեցիներում։

Նրանք թողել են ամեն ինչ՝ տունն ու ունեցվածքը։ Հարցին, թե ինչ է պաշտոնական Երևանը պատրաստվում քեսաբահայերի համար անել, արտգործնախարարի խոսնակը պատասխանեց, որ Երևանի պաշտոնական դիրքորոշումը ամրագրված է Հայաստանի նախագահի հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մարտի 24-ին հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել է հետամուտ լինել քեսաբահայության անվտանգության երաշխավորման ու բնակության մշտական վայրեր նրանց ապահով վերադարձի խնդիրներին։ Սիրիայում Հայաստանի դեսպանատունը, ըստ նախագահի, աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա։

Քեսաբից փախած և Լաթաքիայում ապաստանած հայերն այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցներում պատմում էին, որ հեռացել են առանց գրպանում կոպեկի, պատսպարվել են, չգիտեն հաջորդ վայրկյանին ինչ կարող է իրենց հետ պատահել։

«Լաթաքիայում ևս ապահովություն չկա», - ասաց քեսաբցի Ավետիք Մանդիկյանը՝ հավելելով, որ ժամանակավորապես Հայաստան տեղափոխվելու որևէ հնարավորության դեպքում շատերը կհամաձայնեն գալ. - «Ես կնախընտրեմ երթալ մեր մոր գիրկը, մեր մոր գիրկը Հայաստանն է։ Քանի որ հոս ապահով չէ, մեր հարյուր տարվա շինածը մեկ վայրկյանում կորցրինք»:

Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Ազգային Ժողովի 6 հոգանոց պատվիրակություն է մեկնել Լաթաքիա։ Պատվիրակության կազմում են ՀՀԿ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը։

Խորհրդարանում իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանը մշտապես պատրաստ է սիրիահայ ցանկացած ընտանիքի աջակցել և օգնել, բայց այս պահին քեսաբահայերի կազմակերպված տարհանումը լավագույն լուծումը չէ:

«Կարծում եմ, մենք պետք է նուրբ սահմանագիծը երբևէ չանցնենք, պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք այլ երկրի ներքին գործերի հետ։ Այն, որ Թուրքիան միջազգային բոլոր հիմնարար սկզբունքներն ու նորմերը խախտել է և այդ գրոհայիններով տարհանում է իրականացրել 21-րդ դարում, կարծում եմ՝ նախ և առաջ սրա գնահատականը և պատասխանը պետք է հնչեցնի ամբողջ միջազգային հանրությունը։ Իսկ մենք միշտ մեր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու: Բայց կարծում եմ, սա ամենավերջին քայլն է և, իմ կարծիքով՝ այնքան էլ ճիշտ քայլ չէ, որովհետև եթե ցանկացած նման առիթի դեպքում մենք փորձենք տեղափոխել Հայաստան, ապա հենց մեր թշնամիների ցանկությունն ու պահանջը նաև դա է, որպեսզի այդ տարածքները շատ շուտ հայաթափվեն և մնան ամայի»,- ասաց Սահակյանը։

Ընդդիմադիր Կոնգրեսի համոզմամբ՝ այս պահին Հայաստանն ընդամենը մեկ բան կարող է անել: «Իհարկե, Սիրիայում շատ խառը վիճակ է: Իհարկե, անգամ աշխարհի գերտերություններն այսօր ոչինչ չեն կարող անել Սիրիայում, բայց գոնե զուտ Հայաստանի պետության սիմվոլիկ միջամտությունն անհրաժեշտ է՝ ցույց տալու համար, որ Հայաստանի պետությունը մտահոգված է հայերի անվտանգությամբ, հայերի իրավունքով Սիրիայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․․ - «Մասնավորապես, կարելի էր, օրինակ, դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ ուղարկվեր Քեսաբ, որը կուսումնասիրեր իրավիճակը տեղում հայ բնակչության անվտանգության հետ կապված հարցերը և կմշակեր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են այդ անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ շատ բան կարելի էր անել, եթե սիրիական պատերազմի երեք տարիներին Հայաստանի իշխանությունները պատրաստվեին հայրենակիցներին սպառնացող սցենարներին, ունենային հստակ ռազմավարություն, ոչ թե բավարարվեին բանավոր հայտարարություններով:

«Հետևաբար Հայաստանը պիտի ունենար, այո, էվակուացիայի իր ծրագիրը, պատրաստ լիներ թե՛ ինֆրակառուցվածքների, թե՛ առաջին անհրաժեշտության պարագաների օգնության և այլնի հետ կապված։ Այս պահին տեսնում ենք ուղղակի Հայաստանի ուշացած ռեակցիա, Թուրքիայի հասցեին հնչող գնահատականներ։ Բավարարվել ընդամենը գնահատականներ տալով, կներեք, սա արդեն լուրջ մտահոգության առարկա է։ Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության զգացումը, և այն, ինչ իրականացնում է Հայաստանը սիրիահայերի կապակցությամբ, անգամ նվազագույն համարել չի կարելի։ Երբ որ երեք տարիների ընթացքում մենք չգիտենք, թե ինչ են ցանկանում, ինչ են պատկերացնում սիրիահայերը, որ կարող է անել Հայաստանը ու պիտի անի, սա նշանակում է, որ Հայաստանը անտարբեր է այդ խնդիրների հանդեպ։ Սա նաև վտանգավոր է Հայաստան - Սփյուռք հարաբերությունների համար, որովհետև սա մի փորձաքար է, որտեղ յուրաքանչյուր սփյուռքահայ տեսնում է, թե որքանով է իր կարիքի պահին իրեն պետքական իր մայր հայրենիքը։ Միակողմանի սեր չի լինում, միակողմանի նվիրվածություն երկար չի կարող լինել», - նշեց Ստյոպա Սաֆարյանը։
XS
SM
MD
LG