Մատչելիության հղումներ

Կառավարության անդամները հիմնականում արդարացնում են Արամ Հարությունյանի արարքը


«Ես դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմել»
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00

«Ես դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմել»

Նախարարներից միակը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն էր, որ «ցավալի» որակեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ բնապահպան ակտիվիստներից մեկը ականջը կտրելու ցանկությունը:

Երեկ, հիշեցնենք, մի խումբ երիտասարդներ նախարարներին առաջարկել էին խմել հանքարդյունաբերության արդյունքում աղտոտված գետի ջուրը: Իսկ Բնապահպանության նախարարը վիրավորել ու սպառնացել էր կտրել բնապահպաններից մեկը ականջը:

Չնայած հնչեցված կոնկրետ սպառնալիքին՝ Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ Հարությունյանը ականջ չէր կտրի․ - «Ես ձեզ բոլորին ցանկանում եմ, որպեսզի ձեզ նույն ձևով, նույն ոճով ջուր առաջարկեն, և տեսնեմ, թե դուք ինչպես եք պահում: Պետք չէ մարդկանց հրահրել, որ նրանք ափերից դուրս գան»:

Հարցին, թե արդյոք ականջներ կտրելու ցանկությունը նորմալ է, Գաբրիելյանը պատասխանեց․ - «Դա փոխաբերական է, իմ կարծիքով: Դուք պատկերացնո՞ւմ եք որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի: Դա, բնականաբար, ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ, բայց կարծում եմ, որ հրահրելը ևս ցանկալի չէ»:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով երեկ նույնպես ներկա էր սկանդալային միջադեպին, ասաց, թե դեռ պատրաստ չէ գետի ջուր խմել: Միջադեպի ժամանակ, հիշեցնենք, Ավանեսյանը պատրաստակամություն էր հայտնել խմել առաջարկվող պղտող ջուրը, բայց հրաժարավել էր, երբ պարզել էր, թե որտեղից է այն․ - «Ճիշտն ասած՝ ես մտածեցի, որ որևէ տեղից խմելու ջրի մասին է խոսակցությունը, բայց հետո հասկացա, որ գետի ջուր է: Դրա համար, ճիշտն ասած՝ դեռ պատրաստ չեմ գետի ջուր խմեմ»:

«Ես կարծում եմ, որ ձեզանից որևէ մեկը հայտնվեր այդ իրավիճակի մեջ, ապա չեմ կարծում, որ դուք շատ ավելի սառնասիրտ էիք լինելու․․․ Դա ուղղակի անտանելի էր: Այո, իսկապես պետք է հայտնվի կարծիքը, հանրության կարծիքը, բայց չափերը պետք է պահպանել: Չի կարելի աթոռի վրա կանգնել ու գոռալ ամբողջ կոնֆերանսի ընթացքում», - հավելեց Ավանեսյանը:

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք դրա համար կարելի է վիրավորել ու սպառնալ:

Բնապահպանության նախարարի արարքը որևէ կերպ չքննադատեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ավելին նա զգուշացրեց․ «Մի ցանեք քամի, հակառակ դեպքում կստանաք փոթորիկ»․ - «Չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը տապալելով և այլ տիպի վանկարկումներ հնչեցնելով: Օրինակ, դուք ծախել եք հանքը․ դա վիրավորա՞նք է, թե՞ չէ: «Դուք կաշառք եք վերցրել» արտահայտությունը վիրավորա՞նք է, թե՞ չէ»:

Դիտարկմանը, թե խոսքը մասնագիտական գործունեության մասին է, Աշոտյանը հակադարձեց․ - «Ի՞նչն է մասնագիտական գործունեությունը․․․ երբ դիմացինն ասում է՝ դուք կաշառակե՞ր եք: Կամ դուք վաճառել եք երկի՞րը: Եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ՝ հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան՝ բարի եղեք պահել պարկեշտությունը»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Արդարադատության, Ֆինանսների նախարարները նույնպես վերջին շրջանում ագրեսիվ են դարձել․ ո՞րն է դրա պատճառը: ԿԳ նախարարը, ով նաև իշխող ՀՀԿ-ի փոխնախագահն է, ասաց, թե դա «պատասխանն է հրաշալի քառյակի պահվածքին»․ - «Դուք տեսե՞լ եք իրենց բառամթերքը ինչպես է սաստկացել՝ վատ իմաստով: Ինչ տոնով են իրենք խոսում Ազգային ժողովում կառավարության մասին, ինչպիսի ամբարտավանությամբ են արտահայտվում տարբեր անձանց մասին, քննադատությունը մոռացած՝ անցել են պիտակավորումների: Դուք դա տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում: Մինչև ձեր աչքի փուշը չտեսնեք, մեր աչքի փուշը հանգիստ թողեք: Մենք մեր փշերի տեղը լավ գիտենք»:

Հավելենք, որ իշխող քաղաքական ուժի լիակատար աջակցությունը վայելող Արամ Հարությունյանն այսօր պնդել է, թե գործել է իրավիճակին համարժեք ու ներողություն չի խնդրել․ - «Ես գտնում եմ, որ ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք: Եվ տվել եմ այն համարժեք պատասխանը, ինչը որ անհրաժեշտ էր, երբ որ քեզ բերում են անձնական դաշտ և փորձում են խաչաձև հարցերով ուրիշ ուղղությամբ տանել, շփոթեցնել և այդ շփոթմունքի մեջ փորձել մեկ այլ հետաքրքրություն գտնել: Բնականաբար, այն հարցերը, որոնք գալիս են անձնական դաշտ, մենք նույնպես փորձել ենք նաև այդպիսի պատասխաններ ներկայացնել և որակավորումներ տալ»:
XS
SM
MD
LG