Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու վաղը՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն: Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Reuters-ի փոխանցմամբ, Կիևի առաջարկած բանաձևում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխության համար:

Այս տեղեկությունն ուշագրավ է օրերս տեղի ունեցած Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հայտնի հեռախոսազրույցի կոնտեքստում, որի ժամանակ կողմերը անդրադարձել էին «Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Այս հաղորդագրությունից հետո պաշտոնական Կիևը հայտարարեց, որ հետ է կանչել Երևանում իր դեսպանին, մինչև հայկական կողմը չհստակեցնի իր դիրքորոշումը՝ ճանաչո՞ւմ է արդյոք Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Դանիան և Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավորները Մայքլ Աուսթրուփ Ջենսենը (Michael Aastrup Jensen) և Ռոբերտ Ուոլթերը (Robert Walter) հանդես են եկել նախաձեռնություններով: Դանիացի խորհրդարանականը առաջարկել է քվեարկելու իրավունքից զրկել ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությանը, իսկ բրիտանացին առաջարկել է դադարեցնել ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Դավիթ Հարությունյանից այսօր հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս է քվեարկելու նշված նախաձեռնություններին: ««Պատվիրակությունը, իհարկե, կարող է ունենալ տարբեր դիրքորոշումներ, որովհետև մենք երբևէ այսպես ասած միաձայն չենք: Որոշ դեպքերում լինում ենք միաձայն: Ես կարող եմ ասել իմ կարծիքը, որ ինքս դեմ եմ նման պատժամիջոցներ կիրառելուն: Ես դեմ եմ քվեարկելու այդ նախաձեռնությանը, ոչ թե ձեռնպահ», - ասաց Հարությունյանը:

Պատվիրակության ղեկավարի տեղակալ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) նույնպես ասաց, որ դեմ կքվեարկի նշված նախաձեռնություններին» - ««Դա ուղղակի նշանակում է հրաժարվել երկխոսությունից, որն այսօր շատ ավելի կարևոր է՝ հարցերի լուծմանը շատ ավելի քաղաքական դաշտում հասնելու առումով: Սա ընդհակառակը՝ ավելի կմղի Ռուսաստանին փակվելու»:
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նույնպես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ է, այսօր ձեռնպահ մնալ մեկնաբանություններ տալուց:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց․ - «Հիմա թույլ տվեք չասեմ, թե ինչպես ես կքվեարկեմ: Որովհետև ի վերջո կա բանաձև և կա առաջարկ բրիտանացի պատգամավորների՝ ընդհանրապես կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդում: Բայց ընթացակարգը այնպիսին է, որ լինելու են բանաձևին առաջարկներ: Տարբեր առաջարկներ են լինելու տարբեր դրույթների վերաբերյալ: Եկեք տեսնենք, թե ինչպիսի վերջնական տեսք կստանա քվեարկության դրվող բանաձևը»:
XS
SM
MD
LG