Մատչելիության հղումներ

Օբամա. «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Ուկրաինայի հարցում միասնական են»


Մի քանի ժամ առաջ Բրյուսելում ավարտվեցին Եվրամիության ղեկավարության և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի բանակցությունները, որոնց առանցքային թեման Ուկրաինան էր:

Բանակցությունների ավարտին Սպիտակ տան ղեկավարը հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով` նշելով, որ իրավիճակի հետագա լարման դեպքում Ռուսաստանի մեկուսացումը գնալով խորանալու է: Օբամայի պնդմամբ՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը «Ուկրաինայի հարցում տարաձայնություններ չունեն»:

«Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները այս խնդրում միասնաբար են հանդես գալիս: Մենք միասնական ենք այն աջակցության առումով, որ պատրաստ ենք ցուցաբերել Ուկրաինային նաև երկրի տնեսությունը կայունացնելու հարցում: Մենք միասնաբար հավատարմություն ենք հայտնում այն պարտավորություններին, որ ստանձնել ենք Եվրոպայի անվտանգության ապահովման ասպարեզում», - նշեց Սպիտակ տան ղեկավարը:

Եվրամիության ղեկավարության հետ Օբամայի բանակցությունների գլխավոր արդյունքը կարելի է համարել այն նախազգուշական ուղերձը, որ հղեցին Մոսկվային Վաշինգտոնն ու Բրյուսելը:

«Սրանք ամենալուրջ պատժամիջոցներն են, որ կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ սառը պատերազմի ավարտից ի վեր: Եթե Ռուսաստանի ղեկավարներից ոմանքց թվում էր, թե աշխարհում անտարբերությամբ կընկալեն իրենց գործողություններն Ուկրաինայում, կամ էլ դրանց արդյունքում հնարավոր կլինի սեպ խրել Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև, կարող եմ հստակ ասել` դա սխալ հաշվարկ էր: Այսօր Ռուսաստանը միայնակ է: Ռուսաստանը միայնակ է,երբ փորձում է պաշտպանել իր գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Իսկ Եվրամիության անդամ 28 պետությունները, հակառակը՝ միասնական են: Միասնաբար են հանդես գալիս նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 պետությունները: Մեծ Յոթնյակի բոլոր պետությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, իսկ Մեծ Յոնթակի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսին այստեղ՝ Բրյուսելում և առանց Ռուսաստանի», -նշեց Օբաման:

Եվրամիության խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպոյի խոսքով, Արևմուտքը շարունակելու է համատեղել ջանքեր գործադրել Ուկրաինայում՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

«Մեր գլխավոր առաջնահերթությունը իրավիճակի հետագա սրում թույլ չտալն է: Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության տեղակայմանը Ռուսաստանի տված համաձայնությունը դրական քայլ էր: Այն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները վերջապես հանդիպեցին Հաագայում, հավելյալ թափանցիկության ևս մեկ դրսևորում էր: Բայց եթե իրավիճակը շարունակի սրվել` եվրոպացիներն ու ամերիկացիները պատրաստ են խստացնել պատժամիջոցները», - նշեց Հերման Վան Ռոմպոյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG