Մատչելիության հղումներ

Երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ ի պաշտպանություն քեսաբահայերի


Երիտասարդները խոստանում են զորահավաք հայտարարել և աջակցել քեսաբահայերին
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00

Երիտասարդները խոստանում են զորահավաք հայտարարել և աջակցել քեսաբահայերին

Երիտասարդությունը քեսապահայերի կողքին է։

«Քեսաբը կդառնա հայոց վրիժառության օջախ», «Քեսաբը պարտադրում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք»․ այսպիսի գրառումներ կրող պաստառներով այսօր տասնյակ երիտասարդներ Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ պահանջ-նամակ հանձնելու։ Ասում են՝ այս կերպ միջազգային հանրության ուշադրությունն են ուզում կենտրոնացնել տեղահանված քեսաբահայության խնդրի վրա՝ շեշտելով, որ այնտեղ տեղի է ունենում ագրեսիա Թուրքիայի իշխանությունների պետական մակարդակով։

«Գործընթացն ըստ էության ցեղասպանության շարունակությունն է։ Թուրքիան խնդիր է դրել ամբողջ իր սահմանը մաքրել հայերից։ Մեր միասնությամբ ուզում ենք ոգեկոչել սիրիահայերին, որ հայությունն անտարբեր չէ իրենց խնդրի նկատմամբ և մենք աջակցում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը։

Մասնակիցներից Սերգեյ Դալլաքյանի խոսքով՝ իրենց անհասկանալի է ՄԱԿ-ի լռությունը, հատկապես այն պարագայում, երբ հիմա արդեն Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին է վտանգ սպառնում․ - «Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի ուշադրությունը կենտրոնացել է հայերի վրա՝ Հալեպում ռմբակոծեցին հայկական եկեղեցին, այս ամենը ցույց է տալիս, որ Սիրիայում գնում է հայերի կոտորած, իսկ ՄԱԿ-ը ձայն չի հանում»։

Մինչև նամակը հանձնելը նախաձեռնության անդամները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթերցեցին այն:

«Առաջինը, կոչ ենք անում պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը կանխող այլ գործողությունները։ Իսկ Թուրքիան, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ, խախտում է այս կանոնադրությունը, իսկ ՄԱԿ-ն իր լռությամբ փաստացի աջակցում է Թուրքիայի անօրինական գործողություններին։ Մենք կոչ ենք անում դատապարտել Թուրքիայի անօրինական գործողությունները», - ասաց Հրանուշ Ալոյանը։

Միջազգային մակարդակով Քեսաբի շուրջ կանխարգելիչ քայլերի բացակայության պարագայում երիտասարդները խոստանում են սեփական ուժերով օժանդակել քեսաբահայերին՝ զորահավաք հայտարարել և անցնել պայքարի։

«Հայերի քայլերը պիտի գնա ինքնապաշտպանության, իսկ ինքնապաշտպանությունը Սիրիայում նոր ԱՍԱԼԱ-ի վերածնունդն է։ Մենք սրանով փորձում ենք, որպեսզի ամեն ինչ խաղաղ լինի, հաջորդ քայլին չգնանք, հակառակ դեպքում զորահավաքի կոչ կանենք ու առաջինը ես կգնամ», -ասաց Դալլաքյանը։

«Զինված ջոկատները հայկական թաղամասերի պաշտպանության համար լավագույն հոգեբանական աջակցությունը կլինի սիրիահայ համայնքին։ Կամավորներ շատ կան», - հավելեց Մխիթարյանը։
XS
SM
MD
LG