Մատչելիության հղումներ

logo-print
Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ քաղաքապետարանը ինքը կարող էր կարմիր գծանշումներ անել, տուգանքներից գոյացած գումարների մեծ մասը՝ 70 տոկոսը չտալով մասնավորին:

Հիշեցնենք, Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հանդես են եկել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառումը, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը, Երևանի ուղևորափոխադրումների թանկացումն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հղում կատարելով մամուլին՝ ընդդիմադիրները նաև անուններ են հնչեցնում՝ բարձր տուգանքներով և անօրինական կարմիր նշագծումներով ժողովրդին թալանում են Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու նրա մերձավոր՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:

«Հատկապես կարմիր գծերի հետ կապված՝ նախօրոք մրցույթ չի եղել, նախօրոք որևիցե ձևով հանրության չի ներկայացվել, շատ արագ՝ մեկ օրվա ընթացքում․․․ այդ կազմակերպությունը չի էլ եղել, ուղղակի մի գաղափար է եղել, որ այդ բնագավառում մեծ գումարներ են շրջանառվում, եկեք էդ գումարները օրինականացնենք և մի կազմակերպության հանձնենք: Դա կարելի էր անել քաղաքային իշխանության միջոցներով, քաղաքային իշխանության կազմակերպությունով»,- ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով արագաչափերին՝ Վահագն Խաչատրյանը ասաց․- «Ըստ էության, ճանապարհային երթևեկության կանոնակարգման համար միգուցե այդպիսի միջոցառումներ պետք են, բայց գումարի մեծությունը միանշանակ համապատասխան չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսամակարդակին»:

Ոչ իշխանական ուժերը երեքշաբթի համաձայնեցին հանձնաժողովի ստեղծման հարցով քվեարկությունը հետաձգել մինչև ապրիլի 28-ը: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը այդ ընթացքում խոստացել է լսումներ անցկացնել:

«Անձամբ իմ մոտեցումն է, որ Հանրապետականի որևէ խոսքին հավատալը անիմաստ է: Անցած տարի երբ մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված իրենց, այսպես ասած, տղամարդկային պայմանավորվածությունը խախտեցին, այս տարի իրենց հետ որևէ պայմանավորվածություն չի աշխատի՝ իմ կարծիքով: Ես գտնում եմ, որ դա պետք է ուղղակի հրապարակային հանրությանը ներկայացնել, որ այդ մարդիկ չեն ուզում կատարել այնպիսի քայլեր, որոնք ուղղված կլինեն մեզ՝ քաղաքացիներիս, մեր կենսամակարդակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի վերացմանը: Եվ մի բան էլ կա՝ ի վերջո այդ ֆրակցիան ինքը չի որոշում, այստեղ քաղաքական որոշման խնդիր է: Քաղաքական որոշում կայացնողը պառլամենտում չէ: Ցավոք, հայաստանյան Սահմանադրությունը չի աշխատում»,- ասաց Խաչատրյանը:
XS
SM
MD
LG