Մատչելիության հղումներ

«Հայաստանն իր շահերի լիգայի ներկայացուցիչն է». ՀՀԿ-ում հակադարձում են Շվեդիայի արտգործնախարարին


«Հայաստանն իր շահերի լիգայի ներկայացուցիչն է», - Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում այսպես հակադարձեց Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի երեկվա հայտարարություններին:

Հանրապետական պատգամավորի համար անընդունելի են Բիլդտի այն պնդումները, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած քաղաքականությունը պաշտպանելուց հետո Հայաստանը պատրաստ չէ Եվրամիության հետ նույն լիգայում լինել: «Հայաստանն ուրիշ լիգայից է», - Շվեդիայի արտգործնախարարը երեկ այսպես պատասխանել էր «Ազատության» այն հարցին, թե ինչու Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչպես դա արվեց Ուկրաինայի դեպքում։

Մինչև այդ՝ մարտի 21-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր Բրյուսելում խոսել այդ մասին՝ հայտարարելով, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը Հայաստանի համար լավագույն ուղին է։ Մինչդեռ Շվեդիայի արտգործնախարարը Հայաստանը համարել է ռուսական կայսերական քաղաքականության օրինակներից մեկը։

«Մենք չենք աշխարհը բաժանում մասերի և տարածաշրջանները բաժանում մասերի, հետևաբար մեզ պետք չի այս կամ այն լիգային դասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արտակ Զաքարյանը: - «Մենք առաջին հերթին՝ պայմանականորեն ասած՝ մեր շահերի լիգայի ներկայացուցիչն ենք, և մեր շահերը թելադրում են շատ հստակ, սթափ, սառը գործնական քաղաքական մոտեցումներ։ Մեզ համար առավել քան ընդգծված են այդ շահերը կոնֆլիկտի պարագայում, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցամաքային բլոկադայի պարագայում, և իհարկե անվտանգությանն անընդհատ սպառնացող տարբեր գործոնների պարագայում»։

Համոզմունք հայտնելով, որ այս իրավիճակում պաշտոնական Երևանի կողմից իրականացվող քաղաքականությունն արդարացված է՝ պատգամավորը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի միայն քաղաքական մասի ստորագրումը հնարավոր համարում է․ - «Երբեք որևէ բան անշրջելի լինել չի կարող։ Այսօր Արևելյան գործընկերության տարածքում տեղի ունեցող զարգացումների պարագայում մենք տեսնում ենք այդ հնարավորությունը։ Մենք հստակ տեսնում ենք գործընկերային այն ամբողջ բազան, օրակարգային այն խնդիրների հսկայական շարքը, որոնք մենք շարունակելու ենք ունենալ և զարգացնել Եվրամիության հետ»։

Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս «Ազատության» հետ զրույցում չբացառեց Եվրամիության հետ որևէ փաստաթղթի, գուցեև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման շուրջ բանակցությունների վերսկսումը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շահագրգռված է իր ազդեցությունը պահպանել տարածաշրջանում, չնայած նրան, որ Հայաստանը կորցրել է դիմադրողականությունը և սկսել է անել այն, ինչ թելադրվում է Մոսկվայից.

«Տիգրան Սարգսյանը, լինելով եվրաինտեգրման ջատագով նաև, փրկօղակներ է փնտրում, և սա հերթական փրկօղակն էր, որը արդեն որերորդ անգամ Ուկրաինան մատուցում է ողջ հետխորհրդային տարածքին։ Ուկրաինայի պարագայում բացառություն է անում Եվրամիությունը և տարանջատում է պայմանագրերը, որոնք պատմության ընթացքում երբևէ չի տարանջատել։ Եվ սա մեզ հնարավորություն է տալիս դեմք փրկելով՝ նորից վերսկսելու հնարավոր բանակցությունները քաղաքական պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Սա շատ լավ հնարավորություն է, որը կարող է նաև մեզ համար իրոք փրկօղակ լինել Ռուսաստանի ազդեցությունից մի փոքր անջատվելու, ազատվելու», - ասաց Արզումանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ռուսաստանը Հայաստանին դա թույլ կտա, նախկին արտգործնախարարն արձագանքեց. - «Եթե թողնենք Ռուսաստանին, Ռուսաստանը որևէ մեկին որևէ բան չի ուզում թույլ տալ, բայց ի վերջո բոլորը միասին համախմբվում և պատժում են նման նկրտումներ ունեցողներին»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Ասոցացման բաղադրիչի քաղաքական մասի ստորագրման մասին խոսելն իսկ ավելորդ է, ինչի վկայությունը Զուրաբյանը համարում է ոչ այնքան Կարլ Բիլդտի, որքան օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին էշթոնի հայտարարությունները:

«Էշթոնը շատ պարզ բացատրել է, որ չի կարող Հայաստանը ստորագրել քաղաքական մաս՝ տնտեսական մասից անջատ։ Այնպես որ, ես ճիշտն ասած մի քիչ չեմ հասկանում մեր այս հայ իշխանավորների կեցվածքը, ովքեր փորձում են ուղղակի հայտարարությունների մակարդակով պահպանել ինչ-որ բալանս և կարգավորել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

«Այսինքն՝ իրենք էլ գիտեն, որ դա չի լինելու, բայց այդպիսի հայտարարություննե՞ր են անում» հարցին, Զուրաբյանը պատասխանեց. - «Եթե չգիտեն, ուրեմն ավելի վատ և՛ իրենց համար, և՛ Հայաստանի համար»։

Ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ «միամտություն» է Եվրամիությունից ակնկալել Հայաստանի հետ նման փաստաթղթի ստորագրում: Բրյուսելը, ըստ Շահնազարյանի, Ղրիմի վերաբերյալ պաշտոնական Երևանի արտահայտած դիրքորոշումից հետո նման հարց չի էլ քննարկի. - «Բրյուսելում շատ լավ հասկանում են, որ նույնիսկ Հայաստանի հետ քաղաքական բաղադրիչը ստորագրելու հարցի քննարկումը կստվերի և էապես կորակազրկվի այն, ինչ Բրյուսելն արեց Ուկրաինայի հետ։ Կարծում եմ՝ որևէ հեռանկար չկա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի դե ֆակտո մաս է այսօր կազմում Հայաստանը, և արտաքին քաղաքականություն, անվտանգություն, այդ հարցերը լրիվ արդեն տրված են Մոսկվային։ Բրյուսելը դա շատ լավ հասկանում է: Եվրախորհրդում, նախարարների խորհրդում Հայաստանը Ռուսաստանի հետ միասին դեմ քվեարկեց Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին։ Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում է դրվելու Ուկրաինայի բանաձևը, շատ մեծ է հավանականությունը, որ մի անգամ ևս Հայաստանը կուլ կգնա Մոսկվայի պահանջներին և դեմ կքվեարկի այդ բանաձևին նույնպես։ Այս պայմաններում հույս ունենալ, որ Եվրամիությունը Հայաստանի հետ կստորագրի ինչ-որ քաղաքական համաձայնագիր՝ կարծում եմ՝ առնվազն միամտություն է»։
XS
SM
MD
LG