Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը հետաձգեցին քվեարկությունը


Խորհրդարանում թեժ քննարկում էր արագաչափերի և վճարովի կայանատեղերի հարցով
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հետաձգեցին արագաչափերի և տեսագրող սարքերի կիրառումը, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը, Երևանում ուղևորափոխադրումների հնարավոր թանկացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնության քվեարկությունը: Այդ ընթացքում լսումներ են ակնկալում:

«Մենք ընդունում ենք ձեր առաջարկությունը, պարոն Աբրահամյան: Պայմանավորվենք, որ հետաձգում ենք քվեարկությունը․ վաղը չենք քվեարկի: Կազմակերպենք լսումներ, և կարծում եմ, այդ լսումները կտան իրենց դրական արդյունքները», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, և բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ընդունեցին իմ առաջարկը: Եվ ես խնդրում եմ կարճ ժամկետում ներկայացնել այն հարցաշարը, որը պիտի մենք գերատեսչություններից պահանջենք, նախարարությունից ստանանք պատասխանը և լսումները կազմակերպենք՝ այդ հարցերը պատասխանն ունենալով հանդերձ», - նշեց ԱԺ նախագահը:

Ընդդիմադիրներն առաջարկում են անվավեր ճանաչել արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքներն ու որոշումները, մի քանի անգամ նվազեցնել երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքները:

Վարորդների տեսակետը փոխանցեց ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը՝ գործ ունենք թալանի հետ:

Ռուբեն Հակոբյանն ասաց՝ որևէ ներդրում չանելով, ժողովրդին «նալոգ» են հավաքում․ - «Սա բացարձակ կոռուպցիոն դրսևորում է: Իսկ այդ կոռուպցիան, որ համակարգային է, ղեկավարվում և ուղղորդվում է բարձրագույն իշխանության կողմից»:

Արագաչափերի տեղադրմամբ ու շահագործմամբ զբաղվում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, իսկ վճարովի ավտոկանգառների շահագործմամբ՝ «Փարքինգ սիրի սերվիս»-ը: Գանձվող տուգանքների 30 տոկոսը մուտքագրվում են պետական և Երևանի բյուջեներ, իսկ 70 տոկոսը ստանում են վերոնշյալ մասնավոր ընկերությունները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հղում կատարելով մամուլին, երեկ հրապարակել էր այս ընկերությունների սեփականատերերի անունները․ - «Այս փողերը գնում են Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և նրա մերձավոր՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի գրպանները։ Ընդունված է Ալեքսանդր Սարգսյանին անվանել Պարոն 50 տոկոս, բայց կարծում եմ, ժամանակն է նրան ասել Պարոն 70 տոկոս»:

Ընդդիմության նախաձեռնած քննարկումներն այսօր պակաս բուռն չէին, քան երեկ: Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ հայաստանցիների 99 տոկոսը համոզված է, որ արագաչափերի հետևում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է․ - «Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում է որպես սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնող: Հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ փայ է մտել»:

«Հլը քեզ նայի, քու տրամաբանությունը նայի, որտեղի՞ց ես եղել, ո՞ր օջախին ես կպնում, ո՞վ է քեզ թույլ տվել», - ի պատասխան ասաց Գալուստ Սահակյանը:

Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց՝ նրանք, ովքեր 15 րոպե ընդդիմություն չեն եղել, դասեր չտան ընդդիմադիրներին: Նրա խոսքն ուղղված են նախկին վարչապետ, այժմ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանին․ - «Ես կարծում եմ՝ դա քաղաքական դալտոնիզմ է: Որ տեսնեն, որ ընդդիմությունը ընդամենը սև աչքերով է նայում: Ո՞վ ասաց: Եթե մենք ասում ենք, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, որ ասում ենք, որ 300 միլիոն դոլարի պարտք չպետք է դնել ժողովրդի վզին: Որ ասում ենք՝ պետք է կուտակային ֆոնդի հետ կապված հանձնաժողով ձևավորենք, սև ակնո՞ցներ ենք դրել․․․ Իսկ գուցե դո՞ւք եք վարդագույն ակնոցներ դրել»:

Երևանամերձ հատվածում խաղատների վերացման և այդ ֆոնին Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» խաղատան մասին ԱԺ ամբիոնից հայտարարած Ֆինանսների նախարարին «չափը ճանաչել» հորդորեց Ստեփան Մարգարյանը․ - «Մնա չափիդ մեջ և մի խառնվիր մեծերի գործերին»:

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, հիշենենք, ոչ իշխանական ուժերը Հանրապետական մեծամասնության դիմադրությունը խորհրդարանում նախատեսում են ճեղքել համաժողովրդական մոբիլիզացիայով:

«Ժողովուրդ չեք կարողանալու հավաքել: Ամբոխ է լինելու», - ասաց Գալուստ Սահակյանը՝ խոսքի մյուս մասը ընթերցելով թղթից: Մինչև պարզվեց, որ Սահակյանն իր մտքերը չի արտահայտում, այլ մեջբերում է Հովհաննես Թումանյանին, արդեն ուշ էր․ «Բարգավաճ Հայաստան»-ը լքել էր դահլիճը:

«Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը կռվարար: Դուք ընդամենը սա եք: Բայց ես դա չեմ ասում, հովհաննես Թումանյանն է ասում 1920 թվականին», - հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«Սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն ասել, որ չգնային: Վերջում ես ասում», - Սահակյանին դիմեց Հովիկ Աբրահամյանը:

Իսկ Ռուբեն Հակոբյանը ասաց․ - «Պարոն Սահակյան: Իսկապես հրաշալի էր: Խորհուրդ կտայի միշտ կարդալով խոսել և միշտ խոսել Թումանյանի ստեղծագործությունները ցիտելով»:
XS
SM
MD
LG