Մատչելիության հղումներ

logo-print

«Մեծ յոթնյակը» Ռուսաստանից պահանջում է չաապակայունացնել Ուկրաինան


Մեծ յոթնյակի հանդիպումը Հաագայում, 24 մարտի, 2014թ.

Մեծ յոթնյակի հանդիպումը Հաագայում, 24 մարտի, 2014թ.

Հաագայում առաջին անգամ հանդիպել են Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Աշխարհի առաջատար 7 երկրների` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Մոսկվայից պահանջել են վերջ տալ Ուկրաինայի հետագա ապակայունացմանը։

«Յոթնյակը» հանդիպել է Հաագայում, որտեղ կազմկապերպվել է միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովը։

«Յոթնյակը» դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և Ղրիմի բռնակցումն անվանել է «ապօրինի քայլ, որը հակասում է միջազգային իրավունքին»։

«Յոթնյակը» հայտարարել է, որ այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված «մեծ ութնյակի» գագաթնաժողով չի լինի, դրա փոխարեն հունիսին տեղի կունենա «մեծ յոթնյակի» հավաք Բրյուսելում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հաագայում այդ կապակցությամբ ասել է, որ «յոթնյակը» ոչ պաշտոնական կառույց է, որտեղ անդամատոմս չկա։

«Ոչ ոք որևէ մեկին չի կարող այնտեղից արտաքսել, սա այն դեպքն է, երբ «ութնյակը» ավարտել է իր առաքելությունը, քանի որ ստեղծվել է «մեծ քսանը», որը քննարկում է տնտեսական և ֆինանսական հարցերը», - ասել է Լավրովը։

Երեկ Հաագայում Լավրովը հանդիպել է Ուկրաինայի արրտգործնախարարի պաշտոնակատար Անդրիյ Դեշիցյային։ Դա Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է։

Լավրովը պնդել է, որ Ուկրաինան պետք է օրենսդրությամբ ավելի լայն ինքնավարություն տրամադրի շրջաններին։ Լավրովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ է ընդունել հանդիպելու Դեշիցյայի առաջարկը։

Այդ հանդիպումից առաջ Դեշիցյան ասել է, որ Ուկրաինան ցանկանում է խաղաղ գոյակցել Ռուսաստանի հետ, սակայն երբեք չի հրաժարվի Ղրիմից։

Դեշիցյան կեսկատակ ասել է նաև, թե կցանկանար Լավրովի հետ մի սեղանի շուրջ օղի ըմպել և լուծում գտնել, բայց դժբախտաբար հիմա հրատապը Ուկրաինայի սահմանին ռուսական զորքի կուտակումն է և ռազմական ներխուժման վտանգը:

Ռուսաստամնի արտգործնախարարի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման թեման էլ հիմնականում Ուկրաինան էր։

«Մենք ընդգծել ենք, որ անհրաժեշտ է ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները», - ասել է Լավրովը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում ասել է, թե Ռուսաստանի գործողությունները բնավ չեն ազդի Հյուսիսատլանտյան դաշինքի որդեգրած «բաց դռների» քաղաքականության վրա։

«Համաձայն ՆԱՏՕ-ի պայմանագրի, դաշինքը կարող է անդամության հրավեր տալ անհրաժեշտ չափանիշներiն համապատասխանող եվրոպական դեմոկրատական երկրներին», - ասել է գլխավոր քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG