Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ անսովոր ոչինչ չի տեսնում այդ երկրի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու մեջ:

«Դա սովորական ժողովրդավարական գործընթաց է, նման օրինակներ կան Եվրոպայի սրտում, հարցաքննվել են Ֆրանսիայի նախկին նախագահները` Սարկոզին և Շիրակը, իսկ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Այնպես որ, դա նորմալ գործընթաց է», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր անհանգստությունն է հայտնել Վրաստանի իշխանությունների որոշմամբ:

Պետքարտուղարության երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ոչ ոք արդարադատությունից վեր չէ, սակայն նախկին նախագահի շուրջ միանգամից մի քանի քրեական գործով սկսված քննությունը հիմք է տալիս կասկածելու, որ քաղաքական վրեժխնդրության է իրականացվում, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ օրեսնդիր կառույցներն ու արդարադատության մարմինները դեռ թույլ են:

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով Վրաստանում իշխանափոխությունից հետո ընտանիքով հաստատվել է Հոլանդիայում, կանչվել է հարցաքննության միանգամից տասը քրեական գործերով, այդ թվում և Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվայիայի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով վերաբացված գործով:

Սաակավիլիին դատախազությունում սպասում են մարտի 27-ին: Վրաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին նախագահը պարտավոր է գալ հայրենիք և պատասխանել բոլոր հարցերին, այլապես նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի:

Լրագրողների հետ զրույցում Սաակաշվիլիլին հայտարարել է, որ չի պատաստվում ներկայանալ դատախազություն, քանի որ գիտի` իրեն Վրաստանում բանտարկություն է սպառնում: Իրեն հարցաքննության կանչելու հետևում Վրաստանի նախագահը քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Սաակաշվիլիի խոսքով` Վրաստանի նոր իշխանությունները գործում են Մոսկվայի թելադրանքով:

Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու առիթով վրացական Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանություն է տվել ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան: Նա հայտարարել է, որ Վրաստանը մոտ է այն հեռանկարին, որ սեպտեմբերին արդեն ստանա ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների ծրագիրը, սակայն անգամ ենթադրությունները, որ այդ երկրում քաղաքական դրդապատճառներով արդարադատություն է իրականացվում, կարող են խանգարել այդ գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG