Մատչելիության հղումներ

«Աջ սեկտոր». Սաշա Բելիի սպանությունը պատվիրել է Արսեն Ավակովը


«Աջ սեկտորի» առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Մուզիչկոն, որին լայն հանրությանը ճանաչում էր առավելապես Սաշա Բելի մականվամբ, անցած գիշեր հատուկ ոստիկանական գործողության զոհ դարձավ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ Մուզիչկոյի դեմ քրեական գործը հարուցվել էր դեռ մարտի 8-ին: Ազգայնական գործչին մեղադրում էին զինված հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ: Անցած գիշեր արդեն ոստիկանության հատուկ ջոկատը մեկնել էր Ռովնո մարզկենտրոն` փորձելով ձերբակալել Մուզիչկոյին:

«Իրավապահների «կանգ առ» հրահանգին ի պատասխան՝ Մուզիչկոն կրակ է արձակել և դուրս նետվել պատուհանից: Ոստիկանները սկզբում օդ են կրակել, ապա նրա ոտքերին: Հնչել են մի շարք կրակոցներ ևս: Երբ հատուկ ջոկատայինները վնասազերծել են Մուզիչկոյին, տեսել են, որ նա հրազենային վնասվածք ունի: Ոստիկանության աշխատակիցները անհապաղ կերպով բժշկական օգնություն են խնդրել: Դեպքի վայր ժամանած «Շտապ օգնության» բրիգադը արձանագրել է Մուզիչկոյի մահը»,- նշում էր Եվդոկիմովը:

«Աջ սեկտորի» ակտիվիստներից ոմանք արդեն իսկ պնդում են, որ տեղի ունեցածը ոչ թե պատահականություն էր, այլ սառնասրտորեն իրականացված սպանություն, որի պատվիրատուն երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էր:

«Մենք Ավակովից վրեժ ենք լուծելու մեր եղբոր սպանության համար: Սաշա Բելիի սպանությունը նախարարի պատվերն էր: Իր դեմ հարուցված քրեական գործերի մասին Մուզիչկոն որևէ տեղեկություն չուներ: Նրան հարցաքննության մասին որևէ ծանուցագիր այս ողջ ընթացքում չի ուղարկվել»,- հայտարարել է «Աջ սեկտորի» համակարգող Ռոման Կովալը՝ հավելելով․- «Մեր զինակիցը ֆիզիկապես ի վիճակի չէր դիմադրել, քանի որ սպանության պահին նրան արդեն իսկ ձեռնաշղթաներ էին հագցրել»:

Ներքին գործերի նախարարն ու Մուզիչկոն սուր կոնֆլիկտի մեջ էին արդեն մոտ մեկ ամիս: Փետրվարի վերջին տված հարցազրույցներից մեկում ազգայնական գործիչն Ավակովին մեղադրում էր հրապարակային հայտարարությունները ռուսերեն հնչեցնելու մեջ:

«Եթե նա մեր երկրում է ապրում, թող բարի լինի Ուկրաինայի քաղաքացիներին դիմելիս կառավարության նիստերի ժամանակ ուկրաիներեն խոսել: Տանը Ավակովը կարող է խոսել ինչ լեզվով ցանկանում է, բայց հրապարակային վայրերում Ավակովը պարտավոր է ուկրաիներեն խոսել»,- ասել էր Մուզիչկոն:

Ներքին գործերի նախարարի և Մայդանի ամենաառանցքային ակտիվիստներից մեկի կոնֆլիկտը ծագեց համացանցում այն տեսագրության ի հայտ գալուց հետո, որում «Աջ սեկտորի» հիմնադիրը ծեծի էր ենթարկում և նվաստացնում Ռովնոյի դատախազության աշխատակիցներից մեկին:

Այդ միջադեպից հետո Ավակովը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր․- «Մուզիչկոյի արարքը կատարյալ սրիկայություն է: Դա Մայդանի գաղափարների շատ ավելի մեծ դավաճանություն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Եթե դատախազությունը չարձագանքի, ստիպված կլինեմ անձամբ զբաղվել այս խնդրով»:

Այս տեսագրությունը լայնորեն օգտագործվեց նաև ռուսական լրատվամիջոցների կողմից` որպես Ուկրաինայում տիրող անիշխանության և նոր կառավարության կողմից իրավիճակը վերահսկելու անկարողության հավելյալ ապացույց:

Ի դեպ, Մուզիչկոյին ուղղված որոշակի հարցեր ունեին ոչ միայն ուկրաինացի, այլև ռուս իրավապահները: Դեռ մարտի 12-ին Եսենտուկի քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել Մուզիչկոյի դեմ` նրան մեղադրելով 1994-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում չեչենական ջոկատների կազմում ռուսական զորքերի դեմ մարտական գործողություններին մասնակցելու մեջ: Ռուսաստանի դատախազությունը պնդում էր, որ Մուզչիկոն առնչություն ունի ավելի քան 20 ռուսաստանցի զինծառայողների սպանությանը:

Ինքը՝ ուկրաինացի ազգայնականը, ոչ միայն չէր ժխտում մարտական գործողություններին իր մասնակցության փաստը, այլև հպարտանում էր անձամբ Ջոխար Դուդաևի ձեռքից ստացած «Ազգի հերոս» շքանշանով:

«Ես հպարտ եմ, որ անձամբ եմ ճանաչել Ջոխար Դուդաևին, Շամիլ Բասաևին, Ռուսլան Գելաևին, Մասխադովին, որ հնարավորություն եմ ունեցել պաշտպանել Չեչնիան, մի երկիր, որ արդեն 300 տարի է ինչ պայքարում է Ռուսական կայսրության դեմ և չի խոնարհվում նրանց առջև»,- մոտ երեք շաբաթ առաջ տված «Հռոմադսկե» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մուզիչկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG