Մատչելիության հղումներ

Կառավարությունը կուտակայինի հարցում «պատրաստ է փոխզիջումների»


Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը «Ազատության» հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցում կառավարությունը «պատրաստ է փոխզիջումների»:

Հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ երկխոսության էր հրավիրել պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին ընդդիմացող «Դեմ եմ» շարժման անդամներին: Ինչից հետո շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, թե կառավարության հետ կգնան երկխոսության միայն այն դեպքում, եթե իշխանությունները հրաժարվեն կենսաթոշակային բարեփոխումը պարտադիր դարձնելուց:

«Կառավարությունը պատրաստ է քննարկել և կառավարությունը պատրաստ կլինի շատ ավելի մանրամասն քննարկել, երբ որ պարզ լինի Սահմանադրական դատարանի որոշումը», - ասաց Գաբրիելյանը:

Հարցին, թե կոնկրետ ինչ զիջումների է պատրաստ կառավարությունը, նա պատասխանեց. - «Կառավարությունը պատրաստ է երկխոսության: Երկխոսությունը, բնականաբար, ենթադրում է փոխզիջումներ»:

Դիտարկմանը, թե գուցե զիջումների ծավալը գաղտնի է պահվում, Գաբրիելյանն արձագանքեց. - «Միգուցե ուզում եք ես ասեմ մի բան, որ ինքս էլ չգիտեմ»:

Իսկ հարցին, թե արդյոք միայն վարչապետն է տիրապետում այդ տեղեկատվությանը, նախարարը պատասխանեց. - «Վարչապետը ասել է, որ մենք պատրաստ ենք քննարկելու: Եթե մենք պատրաստ ենք քննարկելու, կքննարկենք, կորոշենք»:

Քննարկումները սկսելու մասին, նրա խոսքով, այս պահին պայմանավորվածություն չկա. - «Բայց չեմ բացառում, որ այսօր կամ վաղը կարող է լինել: Մենք պատրաստ ենք»:

Վաչե Գաբրիելյանի այսօրվա հայտարարությունը ուշագրավ է նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարության կոնտեքստում, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն. - «Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի»:
XS
SM
MD
LG