Մատչելիության հղումներ

Պետությունը երեք ամիս չի վճարել երեխաների ծննդյան միանվագ նպաստը


Արդեն երկու ամիս է սպասում ենք ծննդյան միանվագ նպաստին, բայց գումարը դեռ չկա ու չկա, «Ազատության» հետ զրույցում ասում է երևանաբնակ երեք երեխաների մայրը, ով չցանկացավ ներկայանալ:

«Անընդհատ զանգում ենք, ամուսինս անընդհատ դիմում է, և անընդհատ ասում են, որ մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Իսկ երբ հարցնում ենք, թե ումից ճշտել, ասում են՝ թղթերը պատրաստ չեն, այսօր կլինի, վաղը կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, առաջին և երկրորդ երեխաների դեպքում պետության տրամադրած միանվագ նպաստը կազմում է 50 հազար դրամ, այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխաներինը՝ 1.5 միլիոն դրամ:

Մեզ հետ զրուցող երեք երեխաների մայրն ասում է, որ թեև այդ մեկ միլիոնից միայն կեսն է անձեռն տրվում ծնողներին, սակայն դա ևս խիստ անհրաժեշտ է՝ կենցաղային բազմաթիվ խնդիրները լուծելու համար․- «Շուրջ երեք ամիս մենք անընդմեջ՝ գիշեր-ցերեկ պետք է ջեռուցեինք տունը, որպեսզի երեխաները առողջ լինեն: Հիմա մարտն է, բայց դեռ ցուրտ է: Ամեն ամիս մոտ 300 դոլար կոմունալ վարձավճարներն են եղել»:

Երեք երեխաների մայրը ասում է, որ իր ծանոթներից շատերն են այս վիճակում հայտնվել: Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հստակ թիվ են նշում՝ շուրջ 4400 ընտանիք այսօր հանձնել է անհրաժեշտ փաստաթղթերն ու դեռ սպասում է նպաստին: Ընդ որում 760 ընտանիքներում ծնվել են երրորդ և ավելի երեխաները:

Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում վճարումը, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանը պարզաբանեց՝ այս տարի փոփոխություն է կատարվել և սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների՝ այսպես կոչված «Փարոս»-ների փոխարեն այսուհետ նախարարությունն է ապահովելու վճարման գործընթացը: Դրա համար կառավարության համապատասխան որոշմանն են սպասում, որը սակայն մինչ օրս տեղ չի հասել: Նշենք, որ կառավարությունը այս ամսվա սկզբին է ստորագրել այդ փաստաթուղթը:

«Մենք դեռ չենք ստացել կառավարության որոշումը, ըստ որի մենք պետք է կազմակերպենք մեր աշխատանքները»,- ասաց Շահբեկյանը:

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ երեք ամիս է նպաստներն ուշանում են «Հայփոստի» ու Աշխատանքի և սոցիալական նախարարության հետ ծագած թղթաբանական խնդիրների պատճառով, խոստացան առաջիկա մի քանի օրերի ընթացքում խնդիրը կարգավորել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, մինչդեռ, ուշացման միակ պատճառն այն է, որ բյուջեում գումարներ չկան, և երկիրը տնտեսական ճգմաժամի մեջ է:

«Երբ նայում ենք 2014 թվականի բյուջեի հունվարի կամ փետրվարի կատարողականը, այնտեղ կտեսնենք, որ ծախսերի առումով կատարողականը 60 տոկոսի է հասնում: Դա ոչ թե նրանից է, որ շատ խնայողաբար ենք օգտագործում, այլ գումար չկա, և պետությունը մտածում է, թե որտեղ խնայի: Հիմա հերթը հասել է ամենածայրահեղ միջոցին՝ մայրերին իրենց հասանելիք 50, 500 հազարը կամ մեկ միլիոնը չտալ»,- ասաց տնտեսագետը:

Խաչատրյանը փաստում է, որ Հայաստանը կանգնած է լուրջ ժողովրդագրական ճգնաժամի առջև, մինչդեռ կառավարութունը, ծնելիության խթանման մասին խոսելով հանդերձ՝ այսօր ոչինչ չի անում երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու համար:

«Սա ուղղակի անլրջություն, անպատասխանատվություն է, այսօրվա իշխանության աշխատաոճն է, իրենք ոչ մեկին պատասխանատու չեն»,- ասաց տնտեսագետը:
XS
SM
MD
LG