Մատչելիության հղումներ

Նախագահը ճանաչել է «միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ոչ թե Ղրիմի բռնակցումը»


Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են մեր երկրում Գերմանիայի դեսպանին, որ մարտի 19-ին Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի նախագահը միայն ճանաչել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և ոչ թե Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նման հայտարարություն արեց այսօր՝ «Ազատության» հարցին ի պատասխան:

Մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«Կարծում եմ, ինչ Հայաստանի [նախագահն] ասել է հեռախոսազրույցի ընթացքում, որը հետո հանձնվեց թղթին, ամեն դեպքում, դա պաշտոնական դիրքորոշում չէր: Պետք էր վերլուծել, թե ի՞նչ ի նկատի ուներ Հայաստանի նախագահը, ի՞նչ էր դա նշանակում․ արդյոք Հայաստանը համաձա՞յն է Ղրիմի բռնակցման հետ, որը լավ չէ, թե՞ դուք ուղղակի ցանկանում եք հայտարարել՝ սա ազգերի ինքնորոշման իրավունքն է: Սա այլ բան է: Եթե դուք ասում եք՝ այո՛, Ղրիմում իրավունք կա, և նրանք կիրառել են այդ իրավունքը, դա դժվար կլինի, որովհետև մենք տեսանք ոչ մի վերահսկողություն չկար, մենք չգիտենք, թե ինչ է այնտեղ կատարվել՝ զորքերի ճնշման ներքո: Այսինքն, ամեն ինչ հարցական է: Ուստի, մենք պետք է վերլուծենք, թե ի՞նչ նկատի ուներ Հայաստանի նախագահը՝ դա ասելով: Ես իմ ընկալումն ունեմ, թե նա պարզապես ցանկացել է ընդգծել [ժողովուրդների ինքնորոշման] իրավունքը, որովհետև նա հայացք է նետում Ղարաբաղում առկա հակամարտությանը: Ամեն դեպքում, դա օգտակար չէ [Ղրիմում] առկա իրավիճակի համար: Վստահ եմ, դա օգտակար չէ»,- ընդգծեց դեսպանը:

«Դուք հստակ պատասխան ունե՞ք Հայաստանի իշխանություններից, ի՞նչ նկատի ուներ Հայաստանի նախագահը, երբ խոսում էր Վլադիմիր Պուտինի հետ»,- հարցրեցինք Գերմանիայի դեսպանին:

«Կարծում եմ, ընկալումն այն է, որ, ինչպես ասացի, «այո, գոյություն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունք, սակայն դա ասելով՝ մենք համաձայն չենք Ղրիմի բռնակցման հետ»: Սա այն է, ինչ մենք հասկացել ենք [Հայաստանի] իշխանություններից»,- պատասխանեց դեսպանը:

Դիտարկմանը, թե դեսպանը այդպես հասկացե՞լ է, թե իրեն այդ մասին տեղեկացրել են, Ռայներ Մորելին պատասխանեց․- «Ո՛չ, Հայաստանի կառավարությունը մեզ տեղեկացրել է այս մասին»:
XS
SM
MD
LG